Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Ամեն դեպքում մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է՝ հավաքվելու են և քննարկելու են զանազան հարցեր` հուզող մեր եկեղեցուն և հատկապես այսօրվա իրավիճակների հետ կապված», - ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի նկատմամբ և արգելել Գարեգին երկրորդին լքել երկիրը: Քննչական կոմիտեի փոխանցմամբ` կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով: Մայր Աթոռը անհիմն և անօրինական է որակում Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ գործողությունները՝ ընդգծելով՝ դրանք «կրում են ընդգծված քաղաքական բնույթ»։
Անդրադառնալով վարչապետի հայտարարությունը, թե փորձում են Հայաստանից դուրս հանել կաթողիկոսությունը, «ընկել են Էջմիածնի գանձերի հետևից», Նաթան արքեպիսկոպոսն ասաց. «Էջմիածի գանձերը մեզ հետ են այլևս, եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա, չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները: 1441-ից, երբ վերստին Մայր Աթոռը վերադարձավ Հայաստան, 700 տարի է` Հայաստանում է, և հավիտենաբար Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի: Երբևէ Մայր Աթոռը, հայ հոգևորականը և հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանը չի լքի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսը՝ մեղադրյալ