Իրանի պատասխան հարվածներից Արաբական Միացյալ Էմիրություններում երեք մարդ է զոհվել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նրանք Պակիստանի, Նեպալի և Բանգլադեշի քաղաքացիներ են, որոնք զոհվել են իրանական անօդաչուների հարվածներից, որոնց հաջողվել էր շրջանցել ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը։ Առնվազն 58 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։
Ընդհանուր առմամբ, Իրանը ԱՄԷ-ի վրա արձակել է 165 բալիստիկ հրթիռ, որոնցից 152-ը երկրի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է, իսկ 13-ն ընկել են ծովը, հայտնել է նախարարությունը՝ հավելելով, որ հայտնաբերվել և ոչնչացվել են ևս երկու թևավոր հրթիռներ։
Նախարարությունը նաև տեղեկացրել է, որ Իրանն, ընդհանուր առմամբ, արձակել է 541 անօդաչու, որոնցից 506-ը որսացել է ԱՄԷ-ն, իսկ 35-ն ընկել են երկրի տարածքում։
Նախարարությունը պարզաբանել է, որ քաղաքացիները հիմնականում տուժել են բեկորներից, որոնք երկնքից թափվել են այն բանից հետո, երբ երկրի հակաօդային համակարգը որսացել է իրանական բալիստիկ հրթիռներն ու անօդաչուները։