ԱՄԷ-ից Օման է տեղափոխվել ՀՀ 54 քաղաքացի

Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 քաղաքացու անվճար տեղափոխումն Օման, հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:

Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Աբու Դաբիում մնացածներին ավտոմեքենայով Հայաստանի կառավարության հաշվին հասցնում են Օման, բայց Օմանի օդանավակայանից Երևան թռիչքի համար նրանք պետք է վճարեն:

Նախօրեին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել Հայաստան վերադառնալու համար, կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում յուրաքանչյուր անձի համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև 250 հազար դրամ փոխհատուցում այն քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. Միրզոյան