Ամասիայի ՏԻՄ ընտրություններում նոր ՔՊ-ականը կպայքարի նախկին ՔՊ-ականի դեմ

Ամասիայի համայնքապետ և համայնքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Ջեմմա Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, հոկտեմբեր, 2026թ.

Ամասիա խոշորացված համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը կգլխավորի ոչ թե հնաբանակ ու արդեն նախկին ՔՊ-ական Սամվել Ղարիբյանը, այլ երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանը:

«Ես որոշեցի հանդես գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, որովհետև ընդունեցի նրանց գաղափարախոսությունը: Կողմ եմ ես խաղաղությանը և նրանց բոլոր սկզբունքներին, քանի որ դրանք նպաստելու են մեր՝ ինչպես Հայաստանի Հանրապետության զարգացմանը, այնպես էլ մեր համայնքի զարգացմանը: Այդ իսկ պատճառով էլ որոշեցի հանդես գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով», - հայտարարում է Հարությունյանը:

ՔՊ վարչության որոշումն է, ասում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ու հիմնավորում՝ Հարությունյանն ավելի մրցակցային է:

«Հետևաբար՝ դա է մեր վարչության որոշումը եղել: Տարբեր բաներ են հաշվի առնվել, այդ թվում՝ այո, ավելի լավ մեկնարկային դիրքը», - նշում է Ազգային ժողովի իշխանական պատգամավորը:

Ամասիայի գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանն արդեն ՔՊ-ին անդամակցելու դիմում է գրել: Պնդում է՝ առաջին անգամ է կուսակցական լինելու. - «Ես բոլոր ընտրություններին եղել եմ անկուսակցական, սակայն հիմա դիմել եմ, որպեսզի ես դառնամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»:

Հարությունյանի խոսքով՝ ինքը հինգ տարի առաջ ևս պատրաստ էր դառնալ իշխանության թեկնածու, բայց այդպես էլ առաջարկ չստացավ ու քաղաքական այլ ուժերի հետ մասնակցեց ընտրություններին:

Ամասիան Շիրակի մարզի միակ համայնքն էր, որտեղ ՔՊ-ին հինգ տարվա ընթացքում իշխանության գալ չհաջողվեց, թեև փորձեր եղան: Նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը Ախուրյանում իշխանափոխությունից հետո հայտարարում էր, որ հաջորդը Ամասիան է, որտեղ, սակայն, համատեղ կկառավարեն:

Մարզպետը փոխվեց, բայց Ամասիայում ոչ իշխանափոխություն եղավ, ոչ էլ համատեղ կառավարում: Նախորդ ընտրություններում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի հետ կոալիցիա կազմած Ջեմմա Հարությունյանն ասում է՝ իր ՔՊ-ական լինելն ավելի կօգնի, որ համայնքում Կառավարության ու սուբվենցիոն ծրագրերն ավելի շատ լինեն:

«Որպեսզի կարողանանք համաչափ զարգացնել մեր բոլոր բնակավայրերը: Այսօրվա դրությամբ մեր համայնքում 26 թվականին ունեցել ենք մոտ 500 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը համարյա հավասար է մեր ամբողջ համայնքի բյուջեին», - նշում է Հարությունյանը:

Իսկ իր ոչ իշխանական համայնքապետ լինելը խոչընդոտե՞լ է, որ նախորդ հինգ տարում համայնքում ծրագրեր չիրականացվեն. - «Ոչ, դա չի խանգարել: Իմ ցանկացած բարձրացրած հարցը քննարկվել է, որը որ հնարավոր է եղել, տեղում իրականացվել է, որը չէ՝ ընթացքի մեջ է եղել: Դա ոչ մի ազդեցություն չի ունեցել իմ ընդդիմադիր լինելը»:

Հարությունյանին թեկնածու ընտրելուց հետո, Ամասիայում նորելուկ ՔՊ-ականը պայքարելու է նախկին ՔՊ-ականի դեմ: Այստեղ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև ՔՊ Ամասիայի կառույցի նախկին ղեկավար Սամվել Ղարիբյանը: Նա այսօր «Ազատությանն» ասաց՝ պաշտոնապես առաջադրվելուց հետո կպատասխանի մեր հարցերին, ու խորհուրդ տվեց ծանոթանալ իր ֆեյսբուքյան գրառումներին: Իսկ սոցցանցի նրա էջում դեռ ՔՊ-ականների հանդիպումների, վարչապետի ու նախարարների հետ նկարներն են: Ղարիբյանը ֆեյսբուքյան գրառմամբ է տեղեկացրել, որ մոտ մեկ ամիս առաջ ՔՊ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

«Կուսակցությունից դուրս գալով՝ ես չեմ հրաժարվում Ամասիա համայնքի և մեր համայնքի բնակիչների նկատմամբ ունեցած իմ պատասխանատվությունից ու պարտավորությունից։ Ընդհակառակը՝ առաջիկա Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եմ», - գրել է ՔՊ Ամասիայի կառույցի նախկին ղեկավարը:

Ղարիբյանը գլխավորելու է հանրությանն անհայտ, 2022 թվականին հիմնադրված «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակը:

Հոկտեմբերի 25-ին առաջադրումների վերջնաժամկետն է: Ի դեպ, իշխող կուսակցությունից ակնհայտորեն նեղսրտած Ղարիբյանի եղբայրը նախորդ ընտրություններում գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, վեց մանդատ ստացան, բայց քանի որ իշխանություն չկարողացան ձևավորել, ողջ կազմով վայր դրեցին մանդատները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվս մեկ երբեմնի ընդդիմադիր համայնքապետ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը, այս անգամ՝ Ամասիայում