Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռամիզ Մեհդիևին և նրան հանձնել «Հեյդար Ալիև» շքանշան, 23-ը հոկտեմբերի, 2019 թ.

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին 14 տարվա ազատազրկման է դատապարտել մի քանի, այդ թվում՝ պետական դավաճանության մեղադրանքով, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Հաշվի առնելով մեղադրյալի տարիքը և առողջական վիճակը (Մեհդիևը ծանր հիվանդություններ ունի), դատարանը որոշել է պատիժը կիրառել պայմանական։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռամիզ Մեհդիևի դեմ քրեական գործ էր հարուցել 2025 թվականի հոկտեմբերին։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացում), 274 (պետական դավաճանություն) և 278.1 (իշխանությունը բռնի զավթելու կամ պետության սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողություններ) հոդվածներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռամիզ Մեհդիևը հեռացվեց «Յենի Ազերբայջան»-ից, հավանաբար կզրկվի պարգևներից

Այս տարվա փետրվարին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը մանրամասներ էր ներկայացրել գործից, ըստ որի՝ Մեհդիևը փորձել էր Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում անել:

Մասնավորապես ծառայությունը հրապարակել էր 87-ամյա նախկին պաշտոնյայի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որոնցից մեկում նա ռուսերենով խոսում է մի կնոջ հետ, որին առաջարկում է Ադրբեջանում «պետական կառավարման համակարգի վերակազմակերպման» մասին իր առաջարկը փոխանցել ենթադրաբար ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջարկում, որը Մեհդիևը պատրաստել է 2025-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, ըստ էության, ներկայացված է եղել Ադրբեջանում հնարավոր պետական հեղաշրջումից հետո երկրի կառավարման նոր մոդելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռամիզ Մեհդիևը հեռացվեց «Յենի Ազերբայջան»-ից, հավանաբար կզրկվի պարգևներից

Ռամիզ Մեհդիևը 1995-2019 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Նույն գործի շրջանակում՝ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պետական դավաճանության և իշխանության բռնի զավթմանն ուղղված գործողությունների համար վեց տարվա ազատազրկման է դատապարտվել նրա նախկին օգնական Էլդար Ամիրովը:

Qafqazinfo-ի փոխանցմամբ՝ Ամիրովը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի ուղղիչ հիմնարկում։