Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Մեծ Մոսալլա․ մեկնարկում են հիշատակի արարողությունները

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և ընտանիքի զոհված անդամների դագաղները, Թեհրան, 3-ը հուլիսի, 2026թ․

Թեհրանում մեկնարկել են հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները։

Ավելի քան չորս ամիս է անցել այն բանից, երբ Խամենեին իր մի քանի համախոհների և ընտանիքի անդամների հետ սպանվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի առաջին իսկ օրը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ավելի քան 30 տարի Իրանը ղեկավարած առաջնորդի մարմինն առավոտյան տեղափոխվել է Թեհրանի գլխավոր աղոթավայր`Մեծ Մոսալլա։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու Խամենեիի հիշատակին։ Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Կավելաշվիլին և Իլհամ Ալիևը նույնպես կլինեն Թեհրանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվն, ըստ պաշտոնական IRNA գործակալության, կարող է հասնել 35 միլիոնի։

Խամենեիի հետ զոհվել էին նաև իր դուստրը, թոռնուհին, հարսը և փեսան։

Հուլիսի 1-ին հարսի՝ գործող հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կնոջ հուղարկավորության արարողությունն էր տեղի ունեցել, որին, սակայն, ամուսինը չէր մասնակցել։

Հայտնի չէ՝ Իրանի փաստացի ղեկավարի պաշտոնում հորը փոխարինած Մոջթաբա Խամենեին, որը պաշտոնն ստանձնելուց ի վեր հանրության առջև չի երևացել, մասնակցելո՞ւ է հոր հիշատակի հանրային միջոցառումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ Խամենեին սպանված է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան