Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլև բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար»։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Վարչապետն ընդգծել է, որ սա կլինի TRIPP նախագծի իրագործման արդյունքում։

Մինչ օրս, սակայն, պարզ չէ, թե երբ կսկսվի TRIPP-ի շինարարությունը Հայաստանում:

Շիրակում այսօրվա քարոզարշավի ընթացքում TRIPP-ի մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում պատրաստվում են ԱՄՆ-ի հետ ստորագրել համաձայնագիրը, ժամկետներ, սակայն, չնշեց:

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը X-ում հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, նշել է. «Հուսով եմ, որ այս նոր քայլը, որը նաև կխթանի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցությանը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում, հաջողություն կբերի բոլոր այդ երկրներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղու հարցերը