Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ութսուներկրորդ նստաշրջանում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում պատմական առաջընթաց է գրանցվել անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում։
«Այսօր մենք ականատես ենք լինում խաղաղության պտուղներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները սկսվել են: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանն իրականացնում է եզակի և լայնածավալ վերականգնման ծրագիր «ազատագրված տարածքներում»՝ ընդգծելով, որ ավելի քան 80 հազար մարդ է վերադարձել։
Ալիևը նաև հայտարարել է, որ ականները շարունակում են մնալ լուրջ հումանիտար խնդիր և զարգացման խոչընդոտ։ Հայտարարության համաձայն՝ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ավելի քան 400 ադրբեջանցի քաղաքացիական անձ զոհվել կամ վիրավորվել է ականների պայթյունների հետևանքով։