ԱՀԿ. Ժանտախտի ռիսկը Իրկուտսկում միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, Եվրոպայում՝ շատ ցածր

Ռուսաստան - Իրկուտսկի հակաժանտախտային լաբորատորիա մուտքն արգելված է, 6-ը հոկտեմբերի, 2026թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախնական գնահատականով՝ Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, այսօր հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:

Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:

«Իրկուտսկի մարզում լաբորատորիայում աշխատող կին է մահացել, և իշխանություններն ուսումնասիրում են՝ արդյոք թոքային ժանտախտն է նրա մահվան պատճառը», - Ժնևում ասուլիսի ժամանակ ասել է Լինդմայերը՝ ընդգծելով, որ կնոջ աշխատավայրը «վտանգավոր ախտածիններ, ներառյալ՝ ժանտախտը հետազոտող ինստիտուտ է Սիբիրի մի հատվածում, որտեղ վայրի կենդանիների մոտ բնականաբար ժանտախտ պատահում է»:

Ներկայացնելով Ռուսաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներից ստացած հաղորդագրությունը՝ ԱՀԿ խոսնակը հայտնել է, որ «համաձայն թեստերի արդյունքների՝ կոնտակտներից որևէ մեկի մոտ ախտածիններ կամ վտանգավոր ինֆեկցիաներ չեն հայտնաբերվել»: Ավելին, ըստ Լինդմայերի, մինչ օրս նրանցից ոչ մեկը հիվանդության ախտանշաններ չունի:

ԱՀԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է օգնել Ռուսաստանի իշխանություններին, եթե նրանք դիմեն, ասել է խոսնակը:

ԱՀԿ-ն ընդգծում է, որ թոքային ժանտախտը հատկապես վարակիչ է և կարող է օդակաթիլային ճանապարհով փոխանցվելով մարդուց մարդուն՝ ծանր համաճարակների հանգեցնել: Ըստ կազմակերպության՝ թոքային ժանտախտը «կարող է մահացու լինել 18-ից 24 ժամվա ընթացքում, եթե մնա առանց բուժման, սակայն էնտերոբակտերիաների դեմ տարածված հակաբիոտիկները կարող են վաղ կիրառության դեպքում արդյունավետ բուժել հիվանդությունը»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժանտախտի կասկած Ռուսաստանում. որոշ հիվանդանոցներում կարանտին է սահմանվել