«Պատժի նոր տեսա՞կ», թե՞ «օրենքի պահանջ». ընդդիմադիր պատգամավորներն ահազանգում են բանտերում սահմանափակումների մասին

Բանտ Հայաստանում, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորներն ահազանգում են՝ հատկապես վերջին շրջանում զրկված են բանտերում պահվող մեղադրյալներին տեսակցելու և նրանց հետ առանձնազրույցներ ունենալու հնարավորությունից։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատմում է՝ բանտերի դռներն իրենց առջև սկսեցին փակվել վերջին մեկ տարում, իսկ կես տարվա ընթացքում խոչընդոտները համատարած են դարձել: Պատճառն, ըստ նրա, դատարանների՝ տեսակցությունների արգելքների մասին որոշումներն են, որոնք վերաբերում են քաղաքական հնչեղություն ունեցող գործերին:

«Այլևս պատժի նոր տեսակ հորինեցին, որը կոչվում է սահմանափակումներ տեսակցությունների, - ասաց Մանուկյանը և նշեց, - մինչև վերջ ճնշելու կալանավորին. դրա համար ամբողջությամբ սահմանափակում են դնում»:

Քրեակատարողական ծառայությունից, սակայն, հակադարձում են՝ օրենքով պատգամավորն անարգել ելումուտ ունի բանտեր, կարող է ծանոթանալ պայմաններին: Ի տարբերություն Մարդու իրավունքների պաշտպանի, որը ցանկացած պարագայում կարող է անխոչընդոտ մուտք գործել կալանավայր և հանդիպել կալանավորներին, պատգամավորների դեպքում կան սահմանափակումներ։ Ըստ Օրենքի, թեև պատգամավորները կարող են բանտեր ազատ մուտք գործել, իրավունք չունեն առանձնազրույցներ ունենալ կալանավորների հետ, եթե կա դատարանի որոշում, որն ընդունվում է քննիչների միջնորդությամբ:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով, դատարանները տեսակցությունների արգելքների մասին որոշումներն այնպես են կազմում, որ դրանք խոչընդոտ դառնան իրենց համար: Գրում են, որ կալանավորին կարող են տեսակցել միայն ընտանիքի անդամները, նշեց նա:

«Խնդիրը հենց դրանում է, որ իրենք որոշակի ձևակերպումներ են պեղում պատգամավորների գործունեության, մասնավորապես քրեակատարողականներ մուտքերի առումով՝ նշելով, որ հնարավորություն ունեն պայմաններին ծանոթանալու, ոչ թե հանդիպելու: Երբ դրան գումարվում է նաև խափանման միջոցի հետ կապված որոշումները, դրանցով նաև խոչընդոտվում են պատգամավորի՝ այդ մարդկանց այցելությունները», - ասաց Աբրահամյանը:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ նախկինում նման սահմանափակումները բացառիկ էին, և պատգամավորները կարողանում էին տեսակցել մեղադրյալներին։ Քննչականից, սակայն, «Ազատությանը» փոխանցում են՝ իրենք գործում են բացառապես օրենքի սահմաններում: Օրենքն է քննիչին նման հնարավորություն տալիս, որպեսզի կանխի մեղադրյալի ազդեցությունը նախաքննության վրա:

«Թևանյան Անդրանիկ, Արեգնազ Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Ղազինյանին, ու հարյուրավորներ, որ քաղաքական դրդապատճառներով հիմա ձերբակալված են, բոլորի վրա էդ սահմանափակումը կա», - նշեց Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորն այլ օրինակ էլ ունի՝ ամիսներ առաջ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանն անգամ զրկված էր ծնողի հետ տեսակցությունից: Առողջական ծանր խնդիրներ ունեցող կալանավորված տղան տասն օր անցկացրել էր հիվանդանոցում՝ առանց մոր խնամքի:

Վերջերս կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի տեսակցությունները ևս փակ են: Փաստաբան Էմին Խաչատրյանն ասում է՝ սա լրացուցիչ ճնշում է:

«Ես չեմ կարծում, որ պատգամավորների միջոցով կարելի է գործի ելքի վրա ապօրինի ազդեցություն գործադրել կամ գործի բնականոն ընթացքի վրա ազդել: Ճնշումների ևս մեկ մեթոդ է, որ մարդուն առհասարակ մեկուսացնեն», - նշեց փաստաբանը:

Թե քանի՞ նման որոշումներ են կայացրել դատարանները, դատական դեպարտամենտից չպատասխանեցին, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել: