Աղմկոտ հրավերք, տասնյակ միլիոններ և չփարատվող կասկածներ՝ Վանաձորի 200-ամյակի տոնի շուրջ

Վանաձորի համայնքապետարանն աղմկոտ հրավերք է անում. հարևան երկրներից անգամ հյուրեր են ակնկալում քաղաքի 200-ամյակի, ինչպես բնորոշում են՝ «ցնցող» համերգին, չնայած երկդարյա այս հոբելյանն ինքնին կասկածների տեղիք է տվել։

Վերջին երեք ամսում տեղական բյուջեի հաշվին Վանաձորի գլխավոր հրապարակում իրար ետևից համերգներ են: Ավելի քան 70 միլիոն դրամ կամ շուրջ 200 հազար դոլար է հոսել բացօթյա բեմի ձևավորման, հուշամեդալների ու խորհրդանշանների, ինչպես նաև երաժիշտների հոնորարների համար:

Միայն առաջիկա հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին նախատեսված շոուի վրա համայնքային բյուջեից կծախսվի 37 միլիոն դրամ։ 16 միլիոնը բաժին է ընկնում ֆլամենկոյի լեգենդ «Ջիփսի Քինգս»-ին, 6 միլիոնը՝ «Կարապետյանց» բենդին, 4.5 միլիոնը՝ Իվետա Մուկուչյանին, իսկ 1.6 միլիոնը՝ համերգավարին։

Ընդ որում, գովազդներում հայտարարվում է, թե այդ օրը տոնելու են նաև «Վանաձորի օրը», որն արդեն 30 տարի, ավագանու որոշմամբ, նշվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։ Քաղաքապետարանից օրվա տեղափոխումը պատճառաբանում են միջազգային աստղերի գրաֆիկով, թեև «Ջիփսի Քինգս»-ի առաջիկա համերգների պաշտոնական ցանկում Վանաձորի մասին որևէ հիշատակում չկա։ Չնայած դրան՝ համայնքապետարանը վստահ է ու ակտիվորեն գովազդում է միջոցառումը։

Դեռ երկու ամիս առաջ ավելի քան 8.5 միլիոն դրամ էր փոխանցվել «Ֆաբրիք Լայթ» ընկերությանը՝ քաղաքի մուտքերն ու հրապարակը 200-ամյակի տարբերանշաններով, դրոշներով ու հիմնով զարդարելու համար։ Սակայն մեծաշուք շոուի նախօրեին քաղաքում երկդարյա պատմությունը հիշեցնող միայն մի քանի պաստառ է հայտնվել՝ Վանաձորը շրջապատող լեռների ու Վանաձորի քաղաքապետարանի պատկերով:

Իսկ արդյո՞ք Վանաձորն ընդհանրապես 200 տարեկան է։ Արխիվային փաստաթղթերը վկայում են․Ղարաքիլիսան մինչև 1924 թվականը եղել է գյուղ և քաղաքի կարգավիճակ է ստացել ոչ թե 200, այլ 102 տարի առաջ։ ՏԻՄ փորձագետ Գևորգ Քոթանջյանը դեռ ամիսներ առաջ պնդել էր, թե նման հոբելյան սահմանելու իրավասությունը բացառապես ավագանունն է, այլ ոչ թե քաղաքապետարանի աշխատակազմինը։

«Հիմն, դրոշ, գերբ՝ էս ամեն ինչը հատուկ հանձնաժողովների միջոցով է իրականացվում, և չես կարող ուղղակի գնումը դնես, որպեսզի ինչ-որ մեկը գա ու իր ճաշակով տոն սարքի մի համայնքի համար», - ընդգծել էր Քոթանջյանը:

Մինչդեռ համայնքապետի խորհրդական Արման Բերնեցյանը հղում էր արել 1971 թվականի խորհրդային տեղեկագրքին, որտեղ նշված է, թե Վանաձորն իբրև քաղաք հիմնադրվել է ավելի վաղ։ Եթե երեք ամիս առաջ նա «Ազատությանն» ասում էր, թե 200-ամյակի ապացույցներ ստանալու ակնկալիքով դեռ հարցում են անելու Թբիլիսիի արխիվ, ապա այժմ քաղաքապետարանից փոխանցում են՝ հարցում չեն էլ արել, քանի որ իրենց փաստերն «անհերքելի են համարում»։ Բերնեցյանի պնդմամբ՝ տեղեկագրքի ծանոթագրության մեջ նշված է, որ խորհրդային Հայաստանում ընդամենը քաղաքի կարգավիճակի երկրորդ ամրագրումն է եղել:

«Որ առաջնորդվում են 1924-ին, դա էնտեղ նշած է՝ вторично, այսինքն՝ երկրորդական արդեն 24 թվին: Ի դեպ, դա արդեն ասեմ նաև չիմացողների համար, որ Հայաստանի բոլոր քաղաքներն էն ժամանակ՝ ութ թե ինը քաղաքներ՝ Երևանից սկսած, 24 թվին՝ խորհրդային արդեն շրջանում, տվել է քաղաքի կարգավիճակ», - «Ազատությանն» ասաց համայնքապետի խորհրդականը:

Փորձագետ Քոթանջյանն այսօր էլ համոզված է, որ քաղաքային իշխանությունները արհեստական սահմանված 200-ամյակի շղարշի տակ պարզապես շտապում են դատարկել քաղաքի բյուջեն՝ հեռանալուց առաջ. - «Այն, որ փաստացի դատարկվում է համայնքի բյուջեն, և որևիցե պատկան կառույց չի դադարեցնում էս պրոցեսը, ենթադրելի է նույնիսկ, որ կազմակերպված և հովանավորչական հանցագործություն է, որը տեղի է ունենում»:

Վանաձորում ընտրությունները պետք է կայանային այս տարեվերջին, բայց Ազգային ժողովն օրենսդրական փոփոխությամբ դրանք հետաձգեց մինչև հաջորդ տարի։ Արդեն չորս տարի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում գտնվող Արկադի Փելեշյանի ապագան մշուշոտ է․ լուրեր կային, թե նրան փոխարինելու է մարզպետ Արեն Մկրտչյանը, որը գարնանը պաշտոնապես հաշվառվել էր Վանաձորում։ Բայց պաշտոնական ղեկը դեռ Փելեշյանի ձեռքում է, և հենց նա էլ բոլորին հանդիսավոր հրավիրում է հրապարակ՝ տոնելու քաղաքի չհաստատված 200-ամյակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վանաձորում 200-ամյակի տոնակատարության շուրջ աղմուկ է հասունանում