Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Քննչականի փոխանցմամբ՝ վարույթը հարուցվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
«Ազատությանը» Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել:
Ենթադրվում է, որ տվյալ անձը հիվանդանոցում գտնվող BMW-ի վարորդն է:
Աղին բնակավայրի մոտակայքում երեկ BMW և Opel ավտոմեքենաների բախման հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 2-ը՝ երեխա, ևս 5 մարդ, նրանցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր կամ ծանր: