«Եթե ջրից չէ, ապա ինչի՞ց է». աղիքային վարակին բնորոշ գանգատներով հոսպիտալացման 3-րդ դեպքը Բյուրեղավանում

Բյուրեղավանում վերջին չորս ամսում աղիքային վարակին բնորոշ գանգատներով հոսպիտալացման արդեն երրորդ դեպքն է գրանցվել։ Առաջինն այս ապրիլին էր․ շտապօգնություն էր զանգահարել շուրջ 30 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել էին: Հուլիսին ևս 6 մարդ էր հոսպիտալացվել։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեկ նույն գանգատներով բուժօգնության է դիմել ևս 6 բյուրեղավանցի:

Մինչ բնակիչները պնդում են, որ պատճառը խմելու ջուրն է, Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մասնագետներն օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հասցեներից շաբաթը մեկ անգամ ջրի նմուշներ են վերցրել: Լաբորատոր հետազոտությունները շեղումներ չեն արձանագրել:

Որդուն հիվանդանոցում խնամող Ազնիվ Գաբրիելյանին այս պատասխանները վստահություն չեն ներշնչում: Պնդում է՝ իր որդին ծորակից ջուր է խմել ու վատացել: Տիկին Ազնիվը հարցնում է՝ եթե ջրից չէ, ապա ինչից է:

«Ծորակի ջուրն ա եղել, սննդի հետ կապված ոչ մի բան չկա: Դասարանական ծնողներից իմացա, որ իրենց հասակակից էլի երեխաներ կան երկու դասարաններում. նույն խնդիրը իրենց մոտ կա՝ նույն սիմպտոմներով»,- պատմեց ծնողը:

Բյուրեղավանցի Ազնիվի երկու երեխաներր երեկ են բարձր ջերմել, թուլություն ու փորացավ են ունեցել, փոքրիկը տնային պայմաններում է բուժվում, իսկ դպրոցահասակ տղան տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Ազնիվի որդուց բացի ևս 2 երեխա է հոսպիտալացված «Աբովյան» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Մյուս երեքը բուժում են ստացել ու նույն օրը տուն գնացել:

«Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նմանատիպ գանգատներ ունեն, սրտխառնոց, փսխումներ, լուծ, փորացավեր, ջերմության բարձրացում», - «Ազատությանը» փոխանցեց «Աբովյան» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Նունե Հարությունյանը:

Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են՝ ՀՎԿԱԿ-ի մասնագետներն այսօր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ բժշկական օգնության դիմած անձանց բնակարաններից ու քաղաքի այլ հասցեներից նմուշառումներ են կատարել ու հետազոտել:

Բյուրեղավանում բնակվող տարեց տղամարդու թոռն էլ է հիվանդանոցում, «Ազատությանն» ասաց՝ այսօր նրանց տուն էլ են եկել ու ստուգման համար ջուր տարել:

Բյուրեղավանում ավելի քան 12 հազար մարդ է ապրում: «Ազատության» հետ զրույցում բնակիչներն ասում էին՝ բավական չէ, որ հատկապես ամռանն առավելագույնը 4 ժամ են ջուր ունենում, եղածն էլ տհաճ հոտ ունի, խմելիս էլ որովայնը բռնած են ման գալիս՝ ցավեր են ունենում, ստիպված ջուրը խանութից են գնում:

Բնակիչներին հորդորել են ծորակի ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո

Չնայած ՀՎԿԱԿ-ը պնդում է, թե ջրում շեղումներ չեն հայտնաբերել, բայց բյուրեղավանցիներին այսօր հորդորել են ծորակի ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո: Իսկ նախորդ դեպքերից մեկով նույն ՀՎԿԱԿ-ը Բյուրեղավանի ջրում շեղումներ, այդուհանդերձ, արձանագրել էր:

Քննչական կոմիտեում քրեական 2 գործ կա հարուցված, այսօր փոխանցեցին՝ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ չկան: Այս նոր դեպքով քրեական գործ չկա հարուցված, քննչականից ասացին, նախորդ դեպքերում բնակիչներն են ոստիկանություն զանգահարել, այնտեղից էլ իրենք ստացել են հաղորդումը, այս անգամ հաղորդում չկա:

«Վեոլիա ջուր» ընկերությունից այս թեմայով մենակաբանություն չտվեցին, հորդորելով հետևել Առողջապահության նախարարության պաշտոնական թարմացումներին:

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանն ասում է՝ Բյուրեղավան ջուրը հասնում է Նուռնուսի աղբյուրներից, թե ճանապարհի ո՞ր հատվածում է այն որակազրկվում, կամ արդյոք որակազրկվո՞ւմ է՝ չգիտի, նա էլ է փորձաքննությունների պատասխաններին սպասում:

«22-23 թվականին «Վեոլիա ջուր»-ը բավականին աշխատանք կատարեց՝ սկզբնամասից, ոչ թե աղբյուրներից, արդեն որ մոտենում է քաղաքին, մոտ 1 կմ-ից ավելի ջրագծեր փոխեցի՝ ջրի որակը բարելավելու և ջրի քանակները, կորուստները կրճատելու համար։ Բայց ցանկալի արդյունքը՝ ջրի քանակների վերաբերյալ չենք ստացել», - «Ազատությանն» ասաց Բյուրեղավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը:

Ըստ նրա՝ Բյուրեղավանի ջրագծերը գտնվում են բավարար վիճակում, ջրագծերի շուրջ 50 տոկոսը փոխարինվել է դեռևս նախորդ օպերատորի կողմից։ «Վեոլիա ջուր»-ն էլ, ասաց, աշխատանք արել է: Ինքն էլ իր հերթին է բազմաթիվ նամակներով դիմել պատկան բոլոր ատյաններին ու ներկայացրել խմելու ջրի ցանցի խնդիրներ:

Գրավոր հարցում ենք ուղարկել նաև Ջրային կոմիտե՝ պարզելու՝ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո համայնքի ջրամատակարարման համակարգում ուսումնասիրություններ կամ ստուգումներ իրականացվե՞լ են, և արդյոք ջրի աղտոտման աղբյուր հայտնաբերվե՞լ է։ Եթե այո՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։

Մինչ «Վեոլիա ջուր»-ը լռում է, մյուս մարմինները, մեկը մյուսին հղում անելով, հստակություն չեն մտցնում՝ ի վերջո ինչո՞ւ են անընդհատ հիվանդանոցում հայտնվում բյուրեղավանցիները: Քննչականի փորձաքննության եզրակացություններն ամիսներ շարունակ դեռ չկան: Այս ընթացքում բյուրեղավանցիները տարակուսած հարցնում են՝ մինչև ե՞րբ պետք է խուսափեն ծորակից ջուր խմելուց, և արդյոք որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի՞ այս իրավիճակի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բյուրեղավանցիները պնդում են՝ վերջին 3 ամսում առնվազն 2 անգամ թունավորվել են խմելու ջրիցԲյուրեղավանում աղիքային նոր վարակի պատճառը ջուրն է, պնդում են տեղացիները. «Վեոլիա»-ն հերքում է