Մատչելիության հղումներ

Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ բնակիչներին հորդորում են ծորակի ջուր չխմել

Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 6-ին վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել վեց բնակիչ։ Նրանցից երեքը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր պայմաններում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է մինչև լրացուցիչ տեղեկություն տրամադրելը ծորակի ջուրը չխմել և չօգտագործել սնունդ պատրաստելու համար։

Սա այս տարի Բյուրեղավանում աղիքային վարակի արդեն երրորդ դեպքն է։ Նախորդ երկու դեպքերի ժամանակ էլ բնակիչները վարակի հնարավոր պատճառը կապում էին խմելու ջրի հետ։ Լաբորատոր հետազոտություններով ջրի որոշ նմուշներում շեղումներ էին հայտնաբերվել, մի դեպքում՝ նաև կոլիֆորմ մանրէներ։ Դեպքերից մեկի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

Բյուրեղավանը սպասարկող «Վեոլիա ջուր»-ը, մինչդեռ, նախորդ դեպքերի ժամանակ հայտարարել էր, որ իր ստուգումներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

XS
SM
MD
LG