Ադրբեջանի ՄԻՊ-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի դիմումին:

Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, որ հայազգի դատապարտյալների իրավունքներն ապահովվում են առանց խտրականության, հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությանը։

Վարդանյանը նախօրեին դիմել էր Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, թվարկել է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։ Հղում անելով «Պատիժների կատարման օրենսգրքին և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին»՝ նա ընդգծել է, որ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։

Ռուբեն Վարդանյանն առաջարկել էր Ադրբեջանի օմբուդսմենին հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին. «Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»։

Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, թե ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց անունով «կայքերում տարածված պնդումները անհիմն են, իրականությանը չեն համապատասխանում և ծառայում են կողմնակալ քաղաքական նպատակների»։

Ռուբեն Վարդանյանը իր բարձրացրած խնդիրների շարքում նշել է նաև բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունը և տեսազանգերի անհասանելիությունը, ինչի պատճառով նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին, նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությունը, ֆիզիկական վարժությունների սահմանափակումը շաբաթական մեկ անգամ՝ 20–40 րոպեով՝ օրական սահմանված մեկ ժամի փոխարեն, ինչպես նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխանների բացակայությունը։

ՄԻՊ գրասենյակը հայտնել է, թե նրանց տրամադրվել են հեռախոսազրույցների, զբոսանքի, սպորտով զբաղվելու և հանգիստը կազմակերպելու հնարավորություններ, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական ու նոտարական ծառայություններ. «Արայիկ Հարությունյանի նոտարական ծառայությունների վերաբերյալ խնդրանքը կատարվել է, և այս գործընթացը տեղում դիտարկվել է Օմբուդսմենի ազգային կանխարգելիչ խմբի անդամների կողմից»։

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Վարդանյանը տեղի ունեցողը որակել է ոչ թե դատ, այլ ֆարս:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին». Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին