«Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա». Բոմբերգեր

Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգեր, արխիվ

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա, որը հիմնված կլինի նախկին Հարավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի վրա։

Բոմբերգերն այս մասին հայտարարել է Ադրբեջանում անհայտ կորած անձանց առնչվող համաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ տվյալների բազան կարևոր նշանակություն կունենա պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, Ադրբեջանի կառավարության և անհայտ կորածների ընտանիքների միջև կապերի զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

«Սա այն մոդելն է, որի ստեղծմանը մենք աջակցել ենք, օրինակ, նախկին Հարավսլավիայի համատեքստում։ 2021 թվականից այդ տարածաշրջանի կառավարությունները, թեև հակամարտությունից անցել են երկար տարիներ, ստեղծել են անհայտ կորած անձանց հարցերով համատեղ աշխատանքային խումբ և ձևավորել միասնական տվյալների բազա՝ դեռևս չփակված գործերի վերաբերյալ։ Այդ բազայի միջոցով նրանք տեղեկատվություն են փոխանակում։ Հուսով ենք, որ այս տվյալների բազան նույնպես կնպաստի նման արդյունքների», - ասել է Բոմբերգերը:

Նույն համաժողովի շրջանակներում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել է, որ ստեղծվելիք համակարգը հնարավորություն կտա անհետ կորածների վերաբերյալ առկա տվյալների բազաները միավորել մեկ հարթակում, որում նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան անանուն կերպով տեղեկություններ տրամադրել անհայտ կորած անձանց, այդ թվում՝ նրանց հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ։

Ըստ Հասանովի՝ ներկայացված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, և տեղեկություն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ նպատակն է աջակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ավելի քան 2 հազար հայ զինծառայողների աճյուններ։ Ադրբեջանը ընդհանուր առմամբ մոտ 4 հազար անհայտ կորածի հարց է բարձրացնում, Երևանը՝ մոտ 1200-ի: Դեռ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմում 191 մարդու ճակատագիր անհայտ է համարվում, մոտ 900 հոգի էլ անհետ կորած է համարվում Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո։ 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից 22 անձ անհետ կորած է համարվում:

Հայաստանում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը գլխավորում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Սիմոնյանը, որն անցած տարի Բաքու էր մեկնել: Նրա այցի օրակարգն այդպես էլ չբացահայտվեց:

«Ազատություն»-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեն միասնական հարթակ ստեղծելու մասին Ադրբեջանում հնչած հայտարարությունները, և արդյո՞ք նման հարց քննարկվել է հունիսի 22-ին անհայտ կորածների ու գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում: ԱԱԾ-ից հորդորեցին գրավոր դիմել:

Անհայտ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ցույցեր են կազմակերպում տարբեր պետական կառույցների առջև, երբեմն նաև փողոցներ փակում՝ պահանջելով ակտիվացնել իրենց զավակներին գտնելու ջանքերը: Հայկական և ադրբեջանական հանձնաժողովները վերջին անգամ անցած ամռանն են հանդիպել: Հանդիպումից հետո կողմերը ընդհանուր բնույթի նույնաբովանդակ հաղորդագրություն էին տարածել, թե քննարկել են անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցեր, դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։ Թե այս հանդիպումից հետո ինչ աշխատանք են կատարել կողմերը, չի հանրայնացվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայրամով․ «Հայկական ագրեսիայի հետևանքով անհայտ է 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը»Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծումՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստըՀայհոյանքներով միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. երկու անձ բերման է ենթարկվել«Թրամփին ենք նամակ գրել». անհետ կորածների հարազատները կառավարության անգործությունից են խոսումԸստ իրավապաշտպանների՝ Բաքուն հետաքրքված չէ անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու հարցովՊատասխանները մեզ չեն բավարարել. Անհետ կորածների հարազատները՝ ԳՇ պետի հետ հանդիպումից հետոԱնհետ կորած զինծառայողների ծնողները պատասխաններ են պահանջում Պաշտպանության նախարարությունից«Եթե իմ երեխան լինի, կհուղարկավորեմ». անհետ կորածի ծնողները դժգոհ են վարչապետի հետ հանդիպումիցՄի՛ ասեք՝ սպասեք բառը, «ձեր հերթը չէ». անհետ կորածների հարազատները լուծումներ են որոնում