Այսօր միայն օրվա ավարտին «Run Oil»-ը սկսեց ադրբեջանական բենզինի վաճառքը:
«Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանն «Ազատությանը» փոխանցեց, որ արդեն իսկ Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում՝ Երևանի «Run Oil» -ի բոլոր բենզալցակայաններում ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով, այսինքն՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:
«Սկզբում մենք նախնական գին էիք հնչեցրել, բայց հաշվարկներից հետո հնարավորություն եղավ բենզինի գինը սահմանել 430 դրամ» ,- ասաց «Մեգա Թրեյդի» տնօրենը՝ վստահեցնելով, որ վաճառքը միայն երեկոյան են սկսել զուտ կազմակերպչական հարցերով պայմանավորված: Պնդեց՝ որևէ մտավախություն չունեն ադրբեջանական բենզինի վաճառքի հետ կապված, եթե ունենային, 11 վագոն վառելիք չէին գնի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական բենզինը գնած ընկերություններից մեկը «Սիլ կապիտալի» մեջ մտնող «Մեգա Թրեյդն» էԻշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերությունը Ադրբեջանից շուրջ 600 տոննա վառելիք է գնել, որը դեռ 4 օր առաջ էր ներկրել Հայաստան:
Մոտավորապես այդ քանակությամբ ադրբեջանական վառելիք գնել է հայաստանյան ևս մեկ ընկերություն, որը, սակայն, մինչև օրս գաղտնի է պահում իր ով լինելը: Թե ինչով է պայմանավորված այդ զգուշավորությունը, դժվար է ասել:
Սակայն այսօր «Run Oil»-ի բենզալցակայանից օգտվող վարորդների մեծ մասը տեսախցիկի առջև պնդում էր, որ թեկուզ և էժան, բայց ադրբեջանական ծագման վառելիք չեն գնի: Այլ բան է, որ գնելիս չեն կարող պարզել վառելիքի ծագումը:
«Ազատություն».- Կգնե՞ք ադրբեջանական բենզին:
Քաղաքացի.- Բնականաբար՝ ոչ:
«Ազատություն».- Ինչո՞ւ:
Քաղաքացի.- Թշնամանքը կա դեռ, դեռ այդ ժամանակը չէ: Բացի դրանից, թշնամանքը դարերով եկել է, կանցնի ժամանակ, գուցե նորմալ ապրեն իրար հետ, բայց հիմա՝ ոչ:
«Ազատություն».- Իսկ գինը որ ցածր է, չի՞ ստիպի վարորդներին գնել:
Քաղաքացի.-Ինձ թվում է, ստիպելու է, մատչելի տարբերակ են միշտ փնտրում:
Քաղաքացի. - «Եթե ուրիշ տեղ վաճառեն, ի՞նչ են իմանալու՝ ադրբեջանական է, թե ադրբեջանական չի: Չգիտեմ, ժամանակը ցույց կտա:
Մանրամասներն՝ «Ազատության» տեսանյութում.
Մինչ Հայաստանի իշխանությունները հայ - ադրբեջանական այս գործարքը կարևոր են համարում խաղաղության հաստատման ճանապարհին, ընդդիմադիր գործիչները կոչ են անում ադրբեջանական բանտերում 23 հայ գերիների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի պարագայում բոյկոտել ադրբեջանական բենզինը, չհարստացնել Ադրբեջանին և այդ կերպ չզինել ադրբեջանական բանակը:
«Կոչ եմ անում բոլորին, որ 100 դրամ էլ դնեն մեկ լիտր բեզնինը, մենք բոյոկտենք դա, որովհետև վերջին հաշվով պատերազմում պարտությունը մի բան է, բայց դրանից հետո շարունակել ցույց տալ, որ մենք նաև ինքնասիրություն չունենք, դա լրիվ այլ բան է», - ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ադրբեջանական բենզինի շուրջ բորբոքվող կրքերի ֆոնին՝ այսօր ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերից մեկը տեղեկություն տարածեց, թե «Run Oil» -ի Վանաձորի բենզալցակայանում վիճաբանություն է եղել ադրբեջանական վառելիքի թեմայի շուրջ և իբրև թե անհետ կորած զինծառայողի եղբոր և բենզալցակայանի աշխատողների միջև վեճի հետևանքով վնասվել են լիցքավորման սարքերը:
«Մեգա Թրեյդից» հերքեցին այս տեղեկությունը: Ոստիկանությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ ո՛չ նման դեպք կա, ո՛չ էլ ահազանգ: