Ադրբեջանական անկախ լրատվամիջոց Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, որն ինը տարվա ազատազրկման է դատապարտվել և այժմ պատիժը կրում է թիվ 10 ուղղիչ հիմնարկում, տեղափոխվել է պատժախուց, որտեղ նրան ճնշում են, որպեսզի հեռացնել տա լրատվամիջոցում հրապարակված մի շարք հոդվածներ:
Հասանլիին պատժախուց տեղափոխելու մասին սոցցանցերում ահազանգել է կինը՝ Ռուբաբա Գուլիևան։ Ըստ նրա՝ նոյեմբերի 3-ին Հասանլին հերթական անգամ պետք է զանգահարեր ընտանիքին, սակայն չի զանգահարել։ Գուլիևան ասել է, որ իր տեղեկություններով՝ ամուսինը նոյեմբերի 2-ին տեղավորվել է պատժախուց։
«Արդեն որոշ ժամանակ է, ինչ թիվ 10 քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սպառնում է Ուլվիին Abzas Media-ում հրապարակված հոդվածների պատճառով: [Բանտապետ] Էմին Ջաֆարովի հրահանգով նրա տեղակալ Քամրան Շահսուվարովը բազմիցս սպառնացել է Ուլվիին և փորձել է սադրել նրան»,- գրել է Գուլիևան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանում ակտիվիստ և իրավապաշտպաններ են դատապարտվել 8.5-ից մինչև 14 տարվա ազատազրկմանՆրա խոսքով՝ որոշ բանտարկյալներ ևս ճնշման են ենթարկվել Abzas Media-ում բանտի վարչակազմի մասին հոդվածների հրապարակումից հետո։ Ըստ Գուլիևի՝ բանտարկյալներին, որոնց բողոքները բանտի վարչակազմի վերաբերյալ հրապարակվել են կայքում, սպառնում են և ստիպում Ուլվիին համոզել, որ հոդվածները հեռացնել տա կայքից:
«Եթե Ուլվիի հետ որևէ բան պատահի թիվ 10 քրեակատարողական հիմնարկում, ապա ուղղակի պատասխանատվությունը կկրի բանտի պետ Էմին Ջաֆարովը։ Այնտեղ ոչ մի կալանավոր չի կարող մեկ այլ կալանավորի ենթարկել ֆիզիկական ճնշման կամ բռնության, եթե բանտի պետը և նրա տեղակալները թույլ չեն տալիս դա։ Ամեն ինչ կատարվում է նրանց հրահանգով»,- գրել է նա։
Կինը պատմել է, որ նոյեմբերի 1-ին վերջին տեսակցության ժամանակ ամուսինն իրեն ասել է, որ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Քամրան Շահսուվարովը պարբերաբար սպառնացել է իրեն, այլ բանտարկյալների տրամադրել է իր դեմ և լարվածություն ստեղծել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակն այս տարի շնորհվել է երեք լրագրողի«Ի հավելումն դրա, ո՛չ նրան թույլատրում են սովորական հանդիպումներ իր երեխայի հետ, ո՛չ էլ տեսազանգեր կատարել, որոնք, նրա խոսքով, օրենքով նախատեսված են բոլոր բանտարկյալների համար», - ասվում է գրառման մեջ։
Abzas Media»-ի տնօրեն Ուլվի Հասանլին ձերբակալվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին։ Հետագայում, Abzas Media-ի գործի շրջանակում, ձերբակալվել են նաև լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին, նախագծի համակարգող Մահամմադ Կեկալովը, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան, ինչպես նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադան։
Հասանլին և գործով անցնող մյուսները մեղադրվում են մաքսանենգության և տարբեր ֆինանսական հանցագործություններ կատարելու համար:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի 2025 թվականի հունիսի 20-ի դատավճռով Հասանլին, Վագիֆգիզին, Բաբալին և Մեհրալիզադան դատապարտվել են ինը տարվա ազատազրկման: Աբսալամովան և Գասիմովան՝ ութ տարվա, իսկ Կեկալովը՝ յոթ տարի վեց ամսվա ազատազրկման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանցի լրագրողն առաջադրվել է Վացլավ Հավելի մրցանակիՎերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոփոխ են թողել դատավճիռը։
Abzas Media-ի գործով մեղադրյալները հերքում են մեղադրանքները և ասում, որ իրենց ձերբակալումը կապված է իրենց լրագրողական գործունեության հետ: Միջազգային լրատվամիջոցների ազատության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նույնպես ձերբակալությունները որակել են որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ ավելի լայնածավալ ճնշման մի մաս:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում ներկայումս կալանավորված է 24 լրագրող և մեդիա ոլորտի ևս երեք ներկայացուցիչ: