Աբու Դաբիում բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, ավարտվել են, հաղորդում են լրատվամիջոցները:
Ուկրաինայում պատերազմին վերջ տալուն ուղղված բանակցություններն այսօր ակներևաբար ավելի կարճ են տևել, քան նախօրեին, երբ դրանք շարունակվեցին շուրջ չորս ժամ:
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հայտարարել են, որ վաղը Մոսկվա են մեկնելու Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների համար: Քուշների խոսքով՝ իրենք հանդիպելու են Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Դոնալդ Թրամփի փեսայի փոխանցմամբ, ԱՄՆ ներկայացուցիչները կմեկնեն Դուբլին, որտեղ կզրուցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զլենսկու հետ:
Ամերիկացի բանագնացները նշել են, որ առանցքային են տարածքային հարցերը, հետպատերազմյան ճարտարապետությունը կարող է քննարկվել միայն դրանց լուծումից հետո: Քուշները բանակցությունները որակել է արդյունավետ, բայց ընդգծել է, որ տարածքային հարցն «ամենածանրն է լինելու»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ ներկայացուցիչներն ասուլիսի են դուրս եկել Ուկրաինայի պատվիրակության հետ միասին:
Ուկրաինական պատվիրակությունից Դավիթ Արախամիան հայտարարել է, թե կա ազդակ՝ «որոշումներ գտնելու մինչև Նոր տարի»: Ընդ որում, նա նշել է, որ բանակցությունների սկզբում ռուսական կողմի դիրքորոշումները շատ կոշտ էին:
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հաստատել է գերիների մասշտաբային փոխանակման պայմանավորվածությունը, որի մասին հաղորդվել էր նախօրեին: Պարամետրերը, ըստ նրա, շուտով կհրապարակվեն:
Մեդինսկու խոսքով՝ ռուսական պատվիրակությունը բարձրացրել է Եվրոպայում «անվտանգության ճարտարապետության» հարցը: Նրա խոսքով՝ այդ ճարտարապետությունը վատ է աշխատում: Վլադիմիր Պուտինի օգնականը նաև քննադատել է Եվրամիության ներկայացուցիչներին՝ հայտնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը Աբու Դաբիում նրանց հետ չի շփվել:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակիցը նախօրեին հաղորդել է, որ տարածքային հարցը մնում է չլուծված: Ռուսաստանը շարունակում է պահանջել ամբողջ Դոնեցկի մարզը, մինչդեռ Ուկրաինան պնդում է, որ մարտական գործողությունները դադարեցվեն ներկայիս շփման գծի երկայնքով: Նրա փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու կողմերը որոշակի ճկունություն են ցուցաբերել, բայցև ընդգծել են, որ տարածքային հարցերն ու անվտանգության վերաբերյալ հետպատերազմյան համաձայնությունները պետք է քննարկվեն զուգահեռաբար և վերջնարդյունքում որոշվեն համատեղ: