Ամասիայում համայնքապետի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներն էլ նշում են, որ նախընտրական քարոզարշավն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, սակայն «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Սամվել Ղարիբյանը պնդում է՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։
«Չէի ասի՝ լարված էր, վիրավորանքներ ու ավելորդ խոսակցություններ չեն եղել, ամեն ինչ քաղաքական դաշտում էր։ Քարոզարշավի ժամանակ ճնշումներ չեն եղել, ճնշումներ եղել են ընտրողների վրա», - «Ազատությանն» ասել է Ղարիբյանը։
Նրա պնդմամբ՝ Ամասիայում գործող պետական կառույցների աշխատակիցներին ուղղորդել են քվեարկել իշխանության թեկնածուի օգտին՝ որոշ դեպքերում նաև աշխատանքից հեռացնելու սպառնալիքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են․ քվեարկությունն ընթանում է 12 համայնքում (թարմացվող)«Ամասիայում արդար ընտրություն միանշանակ չի եղել։ Խախտումներ չեն եղել, ճնշումներ են եղել պետական, մարզային ու համայնքային իշխանություններից», - հայտարարել է նա։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն արձագանքել է Ամասիայում ընտրողների նկատմամբ ճնշումների մասին «Բարոյական արժեքներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Սամվել Ղարիբյանի հայտարարությանը՝ պնդելով, թե վերջինս փորձում է արդարացնել հնարավոր պարտությունը։
«Ինքը երկար տարիներ ընտրությունները մեզ հետ անցկացնելու փորձ ունի։ Թող հետ գնա, հիշի՝ Ազգային ժողովի ընտրություններում ճնշումներ եղե՞լ են։ Էստեղի շտաբի պետն էր կամ մնացած տեղերում։ Ստանդարտ խոսակցություններ են, որ փորձում են պարտությունն արդարացնել։ 2018 թվականից ոչ մի ճնշում չի եղել, և այլևս տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Մարզային իշխանությունն ինչո՞ւ վախ սփռի», - ասել է Առուշանյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանի գնահատմամբ՝ քարոզարշավն անցել է ոչ շատ լարված մթնոլորտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նախկին ու նորաթուխ ՔՊ-ականները՝ Ամասիայի ՏԻՄ ընտրությունների տարբեր ճամբարներում«Ճիշտ է՝ երկու կողմից քննադատություններ եղան, երբեմն անձնական վիրավորանքներ, և համապատասխան պատասխան են ստացել դրա համար», - ասել է Հարությունյանը։ Նա ավելի վաղ հերքել էր մրցակցի՝ ճնշումների մասին մեղադրանքները՝ պահանջելով կոնկրետ անուններ ներկայացնել։
Ամասիայում այսօր անցկացվող ՏԻՄ ընրություններում միմյանց դեմ պայքարում են նախկին կուսակիցները։ Սամվել Ղարիբյանը, որը չորս տարի ղեկավարել է ՔՊ-ի տեղական կառույցը, հեռացել է իշխող կուսակցությունից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է գործող համայնքապետ Ջեմմա Հարությունյանը։ Այժմ Ղարիբյանն առաջադրվել է «Բարոյական արժեքներ» կուսակցությունից։