Այսօր Հայաստանի 12 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։
Դրանցից 10-ում՝ Աշտարակում, Ապարանում, Բաղրամյանում, Մեծամորում, Սևանում, Սպիտակում, Ամասիայում, Աշոցքում, Կապանում և Նոյեմբերյանում, ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
Եվս երկու համայնքներում՝ Արևուտում և Մեծաձորում, քվեարկությունն անցկացվում է մեծամասնական ընտրակարգով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 8-ից բացվել են բոլոր 317 ընտրական տեղամասերը։
Ընտրողների մասնակցության տվյալները ԿԸՀ-ն կհրապարակի ժամը 12-ից սկսած՝ յուրաքանչյուր երեք ժամը մեկ։
12։20
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք- 6.60%։
Արագածոտնի մարզի Ապարան համայնք-11.61%
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք-9.83%
Արմավիրի մարզի Մեծամոր համայնք- 4.41%
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք-16.85%
Լոռու մարզի Սպիտակ համայնք-8.76%
Շիրակի մարզի Ամասիա համայնք-11.28%
Շիրակի մարզի Աշոցք համայնք-7.12%
Սյունիքի մարզի Կապան համայնք-16.61%
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք-14.70%
Արագածոտնի մարզի Արևուտ համայնք-8.59%
Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք-41.10%
Որտե՞ղ և ո՞ր ուժերն են մասնակցում ընտրություններին
Աշտարակում և Աշոցքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակից չունի․ այս համայնքներում այլ քաղաքական ուժ չի առաջադրվել։
Բաղրամյանում ՔՊ-ի մրցակիցը «Գործարար» կուսակցությունն է, Մեծամորում՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ Ամասիայում՝ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը։
Սևանում ընտրապայքարին մասնակցում են երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» դաշինքը։
Սպիտակում նույնպես երեք ուժ է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։
Կապանում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, իսկ Նոյեմբերյանում՝ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստանը» և «Ապրելու երկիրը»։
Ապարանում իշխող ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը հանդես են գալիս միասնական՝ «Համերաշխություն» դաշինքով։ Այս երկու ուժերը նույն դաշինքով մասնակցել էին նաև հոկտեմբերի 25-ին Գորիսում և Գավառում անցկացված ՏԻՄ ընտրություններին։