Մարզպետի «ծննդյան անակնկալը»՝ ընտրություններից օրեր առաջ. ՔՊ-ն խախտում չի տեսնում

Ընտրություններից ընդամենը 5 օր առաջ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն Արևաշող գյուղի բնակիչ Գնել Մանուկյանին՝ հենց նրա ծննդյան օրը, անձամբ հանձնել է 8,5 միլիոն դրամանոց բնակարանի վկայագիր։ ՔՊ-ական պատգամավոր Արամ Խաչատրյանը պնդում է՝ սա ընտրակաշառք կամ բարեգործության արգելքի խախտում չէ, այլ սովորական աշխատանքային գործառույթ, չնայած մարզի ղեկավարն այն անում էր նախընտրական քարոզչության արանքում։

Մարզպետ Մկրտչյանն ամեն օր Սպիտակում քարոզչության է մասնակցում ու քարոզչական նյութեր հրապարակում իր ֆեյսբուքյան էջում։

«Մարզպետն արձակուրդի մեջ չի, միշտ աշխատանքներ է իրականացնում և աշխատանքային ժամերին իր պարտականություններն է անում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանը։

Մարզպետն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, թե ինչպես է մտնում Գնել Մանուկյանի տնակ՝ աչքալուսանքով, թե՝ «դատարկ ձեռքով չենք եկել»։

Ուշագրավ է, որ 88-ի երկրաշարժից տուժած այս ընտանիքը հերթացուցակում ընդգրկվելու իրավունքը դատարանով ստացել է դեռ 2023-ի մայիսին։ 38 տարի սպասած ընտանիքի մասին իշխանությունը երեք տարի շարունակ չէր հիշում, մինչ քվեարկության օրվան մնացին հաշված օրեր, ու պետական պարտավորությունը հանկարծ «ծննդյան անակնկալ» դարձավ։

Իսկ ինչո՞ւ հենց հիմա և ի՞նչ ծրագրով տրվեց վկայագիրը. Լոռու մարզպետարանից պարզելն անհնար է։ Պաշտոնական կայքն ամիսներ շարունակ չի գործում, մարզպետի որոշումները փակ են, իսկ կառույցի ողջ հաշվետվողականությունը տեղափոխվել է Ֆեյսբուք՝ բարի գործերի տեսանյութերի տեսքով։ Աշխատակազմից առաջարկում են հարցերն ուղղել գրավոր, պատգամավոր, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանն էլ հրաժարվում է պատասխանել դրանց։

Արդյո՞ք ստանդարտներն այս դեպքում երկակի չեն։ Երբ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով կալանավորվում էին ընդդիմադիրները՝ այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, երեք անչափահաս երեխաների մայր Գոհար Ղումաշյանը, իրավապահների համար օրենքն անողոք էր։ Իսկ երբ նույնը՝ պետական միջոցների հաշվին ու քարոզարշավի թեժ պահին, անում է իշխանության ներկայացուցիչը, ՔՊ-ում դա համարում են պաշտոնական պարտականության կատարում։

Մարզպետ Արեն Մկրտչյանի ամենօրյա մասնակցությունը Սպիտակի քարոզարշավին թիմակիցներն արդարացնում են՝ թեև արձակուրդում չէ, բայց քարոզում է միայն աշխատանքային ժամերից դուրս։

«Մարզպետը քարոզարշավին մասնակցում է 6-ից հետո, աշխատանքային ժամից դուրս, որը օրենքի խախտում չէ», - նշում է ՔՊ-ական պատգամավոր Արամ Խաչատրյանը։

Վկայագրի հանձնման կադրում ՔՊ համայնքապետի թեկնածուն իսկապես չկար, սակայն նույն օրվա մյուս հրապարակումները հուշում են՝ մարզպետն ու թեկնածուն գյուղում երկար են շրջել։