Սպիտակում քարոզարշավը եռում է, բնակարանային խնդիրները՝ շարունակվում

Տեսարան Սպիտակից, արխիվ
Տեսարան Սպիտակից, արխիվ

Մինչ Վարչական դատարանում որոշվում է Սպիտակի գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի քաղաքական ճակատագիրը, Սպիտակում տնետուն քարոզարշավը եռում է։ Առաջադրված երեք ուժերն էլ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բարոյական արժեքներ»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը, հաղթողի կեցվածքով են։

Կուսակցությունների սոցիալական էջերում համատարած ջերմ ընդունելություն է, ժպիտներ ու համոզմունք, որ սպիտակցին հենց իրենց է սպասում։

Գործող իշխանությունը ցույց է տալիս հինգ տարվա արածն ու շարունակելու մանդատ խնդրում, մրցակիցները հակադարձում են՝ արվածը քիչ է, որակն էլ՝ կասկածելի։

Մինչդեռ կուսակցական տեսախցիկներից հեռու սպիտակցիներն ավելի զգուշավոր են: Կամ հրաժարվում են խոսել, կամ էլ խաղաքարտեր չեն բացում:

Քաղաքի կենտրոնում գնահատականները չափվում են ասֆալտով ու լուծված անձնական հարցերով։

Իսկ կենտրոնից քիչ այն կողմ՝ 88-ի երկրաշարժից հետո կառուցված Քըրք Քըրքորյանի անվան տնակային ավանում, ասֆալտի փոխարեն ցեխ է, խոստումների փոխարեն՝ գոյատևում։ Այստեղ նույնիսկ պետության կամ համայնքի կողմից ստացած աջակցությունը երկու երես ունի։

11 երեխաների մայրը շնորհակալ է համայնքապետից՝ սննդի, հագուստի ու գումարի տեսքով հասած օգնության համար. - «Ես չգիտեմ ոնց, բայց ամեն հարցում էլ ինձ օգնել ա: Կարող էր չտալ, բայց տվել ա»:

Իսկ հարևանությամբ ապրող Գոհար Սբնեցյանի փայտե տնակում շնորհակալության խոսքեր չեն հնչում։ 38 տարի առաջ կառուցված այս կացարանում մշտական բնակիչը խարխուլ պատերի անցքերից ներս սողացող սառը քամին է, պատերին էլ՝ երկրաշարժին զոհված հարազատների լուսանկարները. - «Յեքա ընտանիք էինք, մնացել ենք էսքանս, էլի»:

Քարե բնակարանի մասին պետական խոստումներն այստեղ թարմանում են միայն ընտրությունից ընտրություն. թաղամաս եկած պաշտոնյաներն այս անգամ բնակարանամուտի նոր ժամկետ են նշել՝ 2029 թվական։

«Լրիվ պատերը քանդվել ա: ... Հույս են տալի, էլի: Հմի նորից ցուցակ են ուզում, որ սաղ թաղամասով ստորագրենք՝ բնակարանի հմար, էլի», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը, - «Պատասխանում են՝ էսինչ թվերին, էսինչ էսինչին: Լսեցիք, որ մինչև 29 թիվը ավարտելու են, բայց դե որքանով ա ճիշտ... »:

Այս պայմաններում Գոհարի որդին այդպես էլ չի ամուսնացել. քայքայվող տնակ հարս բերել չեղավ. - «Բնակարանային խնդրի պատճառով տղայիս տարիքը անցավ: Դե տուն տի ունենանք, որ նորմալ հարս բերենք»:

Ուղիղ տասն օր անց հայտնի կլինի՝ որ քաղաքական ուժը կստանձնի Սպիտակի ղեկավարումն առաջիկա հինգ տարիներին: Մինչ այդ սպիտակցիները փորձում են ավելի վերև, երկրի ղեկավարին հասցնել իրենց խնդրանքները, թե նոր, կարմիր անձնագրերը թանկ են:

«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.


Սպիտակում քարոզարշավը եռում է, բնակարանային խնդիրները՝ շարունակվում

No media source currently available

Ուղիղ հղում


​
XS
SM
MD
LG