Իլոն Մասկը մտադիր է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի երկուական SpaceX-ի բաժնետոմս նվիրել։ Այս մասին նա գրառում է արել X-ի իր անձնական էջում։
Այս քայլով նա փորձում է մեծացնել հանրային աջակցությունն իր բիզնեսներին՝ արհեստական բանականության և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտներում, որոնց նկատմամբ վերջին շրջանում քննադատությունն աճում է։
Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 18 միլիարդ դոլար։
Մասկը դրա մասին հայտարարել է Գոհաբանության տոնի նախօրեին՝ SpaceX-ի կողմից տիեզերքում տվյալների կենտրոններ տեղակայելու համար մինչև մեկ միլիոն արբանյակ արձակելու թույլտվություն ստանալուց մի քանի ժամ անց։
Մասկի խոսքով՝ յուրաքանչյուր երեխա կստանա մեկ բաժնետոմս անմիջապես SpaceX-ից, մյուսը՝ անձամբ իրենից։ Ընկերության բաժնետոմսերը նախատեսվում է փոխանցել դեկտեմբերին, իսկ Մասկի անձնական բաժնետոմսը՝ 2027 թվականի հունիսին, երբ ավարտվի դրանց վաճառքի սահմանափակման ժամկետը։
ԱՄՆ-ում մինչև 18 տարեկան շուրջ 72 միլիոն երեխա կա։
SpaceX-ի բաժնետոմսերը երեկ բորսայում փակվել են 127.44 դոլար գնով, ինչի հիման վրա նվիրատվության ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 18 միլիարդ դոլար։
Բաժնետոմսերը՝ Թրամփի նոր ծրագրի շրջանակում
SpaceX-ը հայտարարել էր նաև, որ իր նոր թողարկվող A դասի մեկական բաժնետոմս կնվիրի Թրամփի հաշվեհամարների ծրագրում արդեն ընդգրկված յուրաքանչյուր երեխայի։ Մասկը խոստացել է անձամբ նույնքան բաժնետոմս ավելացնել։
Այդ ծրագիրը նախատեսված է մինչև 18 տարեկան ամերիկացիներին ֆոնդային շուկայում մասնակցության հնարավորություն տալու և վաղ տարիքից նրանց խնայողությունները ձևավորելու համար։ Սպիտակ տան տվյալներով՝ հոկտեմբերին բացվել էր մոտ 70 միլիոն նման հաշիվ։
SpaceX-ի ծրագրերը մտահոգել են աստղագետներին
Մասկի նախաձեռնությունը համընկնում է արհեստական բանականության ոլորտում մեկ այլ խոշոր ընկերության՝ Anthropic-ի ծրագրի հետ։ Վերջինս հայտարարել է, որ իր բաժնետոմսերի 5 տոկոսը հատկացնելու է «հանրային բարիքի» նպատակներով ստեղծվող հիմնադրամին։ Ընկերության գնահատմամբ՝ այդ փաթեթի արժեքը ներկայիս գներով կազմում է շուրջ 54 միլիարդ դոլար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Anthropic-ը դարձել է աշխարհի ամենաարժեքավոր հանրային ընկերություններից մեկըSpaceX-ի՝ տիեզերքում տվյալների կենտրոնների համար արբանյակային ցանց ստեղծելու ծրագիրը մտահոգություններ է առաջացրել աստղագետների շրջանում։
Ամերիկյան աստղագիտական ընկերությունը քննադատել է այս որոշումը՝ զգուշացնելով, որ արբանյակների մեծ քանակը կխանգարի աստղագետներին ուսումնասիրել և դիտարկել գիշերային երկինքը։