Կամ Եռաբլուրը պիտի ընդլայնվի, կամ պետք է հավատարիմ մնանք խաղաղության նախաստորագրված սկզբունքներին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի առջև երկու ճանապարհ կա՝ կա՛մ շարունակել ընդլայնել Եռաբլուրը, կա՛մ հավատարիմ մնալ խաղաղության նախաստորագրված սկզբունքներին։

«Իհարկե, խիղճս տանջում ա շատ»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վարչապետի խիղճը տանջում է, երբ իրեն Եռաբլուրի մասին են հարցնում։

Լրագրողն ակնարկում էր նոյեմբերի 19-ի միջադեպը, երբ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին «եղկելի» էր անվանել, այն բանից հետո երբ նա վարչապետին Եռաբլուրի լուսանկարներ էր ցույց տվել։ Ջեբեջյանը նաև նշել էր, որ Փաշինյանի իշխանության օրոք ընդարձակվել է Եռաբլուր զինվորական պանթեոնը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եղկելի». Ինչպես այս բառը դարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմումի ու ՀՀ առաջին ու գործող ղեկավարի միջև հեռակա բանավեճի առիթ

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը Փաշինյանին հարցրել էր նաև Արցախից բռնի տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու մասին։ Փաշինյանն արձագանքեց. - «Խիղճս նաև դրա համար է տանջում, և դրա համար եմ ասում, որ Ղարաբաղի մեր հայրենակիցների անձնագրերում պետք է ծննդավայրը գրվի Ադրբեջան։ Պետք է ելնենք խաղաղության նախաստորագրված թեզերից, որպեսզի Եռաբլուրը չընդլայվի։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղահանված արցախցիները վիրավորված են. «Մեր ինքնությանը դեմ է «Ադրբեջան» նշել անձնագրում»