Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ հանրային քննարկման է դրվում Սահմանադրության նոր նախագծի առաջին տարբերակը։
Նրա խոսքով՝ նախագծի ձևավորմանը նախորդել է գաղափարների հավաքագրման փուլը, իսկ այժմ արդեն ձևավորված առաջին տեքստը պետք է լրամշակվի։ Փաշինյանը նշել է, որ ներկայացված գաղափարները քննարկելի են, սակայն դրանց արդյունքում ձևավորվելիք փաստաթուղթը չպետք է դուրս գա Հայաստանի գաղափարախոսական շրջանակից։
«Փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, աերոդինամիկա, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել»,– ասել է վարչապետը։
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության նախագծին՝ այն որակելով «ալիևյան սահմանադրություն»։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ Սահմանադրության փոփոխության պահանջը գալիս է Բաքվից, որը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելը։ Իշխանությունը, մինչդեռ, պնդում է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Փողոցի նախաձեռնությունը չպետք է լինի Փաշինյանի ձեռքում». ընդդիմադիրները նաև փողոցային պայքարի դուրս կգանԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտարարեց, որ Սահմանադրության նախագծին ծանոթանալու նպատակով ստեղծված կայքն արդեն ունեցել է շուրջ 4 հազար այցելու։ Նախարարը հորդորեց քաղաքացիներին առցանց ծանոթանալ նախագծին և մասնակցել դրա հանրային քննարկմանը։
«Մարդիկ խոսում են այնպիսի բաների մասին, որոնք կամ չկան նախագծում, կամ առկա են հիմա գործող Սահմանադրությունում և ներկայացնում սենսացիա»,- ասաց Գալյանը՝ հորդորելով ժողովրդին «սադրանքների» չտրվել։
Ընդդիմադիր պատգամավորներն արդեն մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել, մասնավորապես մտահոգություն են հայտնել իշխանության կենտրոնացման, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության և նախագծով առաջարկվող ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ։