Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար վերջնաժամկետ չի սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի համար որևէ վերջնաժամկետ չի սահմանել՝ հակադարձելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը, թե Վաշինգտոնը ցանկանում է խաղաղության համաձայնության հասնել մինչև հունվար։

«Ես որևէ ժամկետային սահմանափակում չունեմ։ Պարզապես ուզում եմ, որ սա ավարտվի։ Կցանկանայի հենց այսօր ավարտել պատերազմը, բայց տանգո պարելու համար երկուսն են պետք։ Տեսնենք՝ ինչ կլինի», - New York Post-ի հետ զրույցում ասել է Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար համաձայնության հասնել Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ. Զելենսկի

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ բանակցությունների շուրջ Մոսկվայի և Կիևի պատրաստակամությունը փոփոխվում է։

«Երբեմն թվում է՝ Պուտինը պատրաստ է, իսկ Զելենսկին՝ ոչ։ Երբեմն էլ Զելենսկին է շատ ցանկանում, իսկ Պուտինը պատրաստ չէ։ Ամեն ինչ կախված է տվյալ օրվանից», - հայտարարել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտնել էր, որ ամերիկյան բանակցային թիմը ձգտում է համաձայնության հասնել հնարավորինս արագ՝ մինչև դեկտեմբերի վերջ կամ հունվարի սկիզբ։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ խաղաղությունը չպետք է հաստատվի միայն Կիևի զիջումների հաշվին։

Financial Times-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագիր կնքելու նպատակով։ Ըստ պարբերականի՝ ամերիկյան կողմի շտապողականությունը կապված է նաև հունվարին ԱՄՆ Կոնգրեսում ուժերի հարաբերակցության փոփոխության հետ։