Այս կիրակի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 12 համայնքներում: Համայնքապետի ընտրություններ կանցկացվեն նաև Սևան համայնքում:
Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՔՊ-ն, որի համայնքապետի թեկնածուն Սուրեն Գրիգորյանն է, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։
«Վստահություն» դաշինքի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը: Վերջինիս նախորդ՝ 2021-ի ընտրություններում սատարում էր ՔՊ-ն:
Մուրադյանը հայտնի ՀՀԿ-ականներից է, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք է Սևանի քաղաքապետ դարձել, 2021-ին էլ շարունակեց պաշտոնավարումը՝ Փաշինյանի թիմի աջակցությամբ:
Սևանում հայտնի գործարար Վահրամ Գևորգյանն էլ «Միասնական համայնք» կուսակցության թեկնածուն է։ Ծագումով Ծովագյուղից, Սևանում բազմաթիվ բիզնեսներ ունեցող Գևորգյանն իր ելույթներում քննադատում է «Քաղաքացիական պայմանգրին», ընտրողներին ներկայանում ընդդիմադիր դիրքերից: Օրեր առաջ էլ, քարոզարշավի ժամանակ, «մերկացնում» էր գործող համայնքապետին, նշելով, թե նրա քարոզարշավի ժամանակ Սևանի գործարարներից մեկը ելույթ է ունեցել, գովաբանել գործող իշխանությանը, իսկ Մուրադյանն այդ ելույթին արձագանքել է ծափահարելով:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այս թեկնածուների ընտրարշավից ու ելույթներից տպավորություն է ստացել, թե կուլիսային պայմանավորվածություն ունեն: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կեղծ հակառակորդների տպավորություն են ստեղծում, որ արժանանան սևանցիների վստահությանն ու Սևան խոշորացված համայնքի իշխանությունը վերցնեն, ՔՊ-ին դուրս թողնեն համայնքային իշխանությունից:
«Այդ երկու թեկնածուները ընկերներ են, սուտ լուրեր տարածելով՝ փորձում են ստվերել «Քաղաքացիական պայմանագրին»: Ես մտածում եմ՝ ավելի շատ պայմանավորվածություն ունեն գնալ այդ տարբերակով ու պահել համայնքային իշխանությունը, քան թե նրանցից մեկը համագործակցի «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Ուզում են մոլորեցնել, տանել մի ուղղությամբ, որն իրենց ձեռնտու է», - ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը:
Մարզպետը հաստատում է՝ իր ու գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի համատեղ աշխատանքը չի ստացվել, իսկ հարաբերությունները լարված են: Նրա խոսքով՝ հենց դա էլ եղել է պատճառը, որ որոշել են այս անգամ չսատարել Մուրադյանին ու իրենց թեկնածուին առաջադրել. - «Հաշվի առնելով, որ համայնքային իշխանության հետ աշխատանքը էն հունով չի գնացել՝ ինչ մյուս համայնքների հետ, համայնքը դրանից չի օգտվել, այն ծրագրերը, որ կարողացել ենք հասցնել մյուս համայնքներ, Սեւանում նույն ձեւով չի աշխատել ու դանդաղ է զարգացել, որոշել ենք ՔՊ թիմը ունենալ այնտեղ, որ կարողանանք ավելի շատ ծրագրեր իրականացնել»:
Սևանում տարածված տրամադրությունների համաձայն՝ իշխանության թեկնածուն հաղթելու մեծ շանսեր չունի, մինչդեռ առավել մեծ են գործող համայնքապետի վերընտրվելու հնարավորությունները։
Մարզպետը, սակայն, հակառակ տպավորությունն ունի. - «Բարձր եմ գնահատում մեր շանսերը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավին անցել եմ գյուղերով ու շփվել բնակիչների հետ»:
Արդյոք մյուս թեկնածուները՝ Սարգիս Մուրադյանն ու Վահրամ Գևորգյանը պատրաստվո՞ւմ են համագործակցել «Քաղաքացիական պայմանագրի» հետ. «Ազատության» հարցին՝ եթե իշխող ուժը չստանա համայնքապետ ընտրելու բավարար ձայներ, կաջակցե՞ն ՔՊ-ին, Վահրամ Գևորգյանը հրաժարվեց պատասխանել, պատճառաբանելով, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս։ Իսկ Սարգիս Մուրադյանն այդպես էլ մեր զանգերին չարձագանքեց:
Սարգիս Մուրադյանի կողմնակիցներն էլ կասկածներ ունեն, որ Վահրամ Գևորգյանն է իշխող ուժի ստվերային թեկնածուն:
Այս կիրակի թեժ ընտրապայքար է սպասվում նաև Կապանում, որտեղ պայքարի մեջ նաև իշխանությանը երկու անգամ պարտության մատնած համայնքապետ Գևորգ Փարսյանը: Սպիտակում ընդդիմադիր ուժերից «Ուժեղ Հայաստան»-ն է մասնակցում, Նոյեմբերյանում էլ ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն նախորդ անգամ հաղթեց ՔՊ-ին: