Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ առաջիկայում մեկնելու է Ուկրաինայի սահմանամերձ շրջան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու և հարևան երկու երկրների միջև տարիներ շարունակվող լարվածությունը հաղթահարելու նպատակով։
Սա 2015 թվականից ի վեր Հունգարիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է լինելու այդ տարածաշրջան։
Մայիսին Հունգարիայում իշխանության եկած՝ Եվրամիամետ պահպանողական առաջնորդի պաշտոնավարման ընթացքում երկու երկրները փորձել են բարելավել հարաբերությունները, որոնք լարված էին Կրեմլին բարեկամական դիրքորոշմամբ հայտնի Վիկտոր Օրբանի իշխանության տարիներին։ Օրբանը պարտվել էր ապրիլին կայացած ընտրություններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի արագացված անդամակցությանը ԵՄ-ին. ՄադյարԱնցյալ ամիս հարաբերությունները զգալիորեն բարելավվեցին այն բանից հետո, երբ Կիևը, հաշվի առնելով Բուդապեշտի վաղեմի մտահոգությունները, ընդունեց օրենսդրական փոփոխություններ՝ Ուկրաինայի ամենաարևմտյան՝ Անդրկարպատիայի մարզում բնակվող հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների վերաբերյալ։
«Այսօր մեկնում եմ Անդրկարպատիա, որտեղ բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահի հետ և կհանդիպեմ տեղի հունգարական համայնքի ներկայացուցիչների հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մադյարը։
Անդրկարպատիայի մարզում՝ Ուկրաինայի արևմտյան մասում, Հունգարիայի հետ սահմանին, ապրում է հունգարական ազգային փոքրամասնություն՝ տասնյակ հազարավոր մարդիկ։ Պատմականորեն այս տարածքը մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը Հունգարիայի կազմում էր, իսկ պատերազմից հետո անցավ այլ պետությունների կազմ՝ ի վերջո դառնալով Ուկրաինայի մաս։
Ապրիլի վերջին՝ ընտրություններում հաղթանակից մի քանի շաբաթ անց Մադյարն առաջարկել էր Զելենսկու հետ հանդիպել Անդրկարպատիայում՝ «երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու» և երկարատև վեճը կարգավորելու նպատակով։
Երկու երկրները հունիսին համաձայնության եկան ազգային փոքրամասնության իրավունքների հարցում, ինչից հետո Հունգարիան դադարեցրեց Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը խոչընդոտելու քաղաքականությունը։