Բաց կապույտ անձնագրե՞ր. Նախարարի պարզաբանումը, թե ինչպես է կարգավորվելու Սահմանադրության նախագծում ՀՀ քաղաքացիությունից զրկելու դրույթը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգյանը խորհրդարանում պատասխանում է լրագրողների հարցերին, 24-ը նոյեմբերի, 2026 թ.

Սահմանադրության նախագծում մարդուն Հայաստանի քաղաքացիությունից զրկելու դրույթը գաղափարական է և հետագայում պետք է կարգավորվի օրենսդրական փոփոխություններով, այսօր լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարարը՝ բացահայտելով, որ դա ՆԳՆ-ի առաջարկն է եղել:

«Գաղափարը շատ գլոբալ է այս պահին, դեռ պիտի քննարկման դաշտ բացենք, բայց քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ տարբեր երկրներ մի խումբ հանցագործությունների մասով ունեն, որովհետև տվյալ պայմաններում անձը, կարելի է ասել, այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյո՞ք իրենք պիտի շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, քաղաքացուն բնորոշ իրավունքների կամ պարտականությունների ծավալ սահմանել, թե՝ ոչ։ Բայց այստեղ տարբեր շերտեր կան՝ նույն իրավիճակը երկքաղաքացիների մասով կիրառման տրամաբանության մեջ, նույն իրավիճակը ընդամենը մեկ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ կիրառելու տրամաբանության մեջ։ Ես կարծում եմ՝ դեռևս ժամանակ կունենանք քննարկելու, որպեսզի հասկանանք կարգավորումները», - ասել է Արփինե Սարգսյանը:

Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածն արգելում է Հայաստանի քաղաքացիությունից զրկել: Միչդեռ երեկ հրապարակված նախագիծը դատարաններին տալիս է մարդուն քաղաքացիությունից զրկելու իրավունք՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար: Թե ինչ է լինելու առանց քաղաքացիության մնացած մարդու հետ, նախագծում նկարագրված չէ: Ըստ նախարարի՝ դա պետք է հետագայում կարգավորվի քաղաքացիության մասին օրենքով:

«Հիմա դա անել չենք կարող անել, որովհետև կլինի հակասահմանադրական։ Սա է պատճառը, որ մենք Սահմանադրության տեքստում ենք առաջարկում նմանատիպ հնարավորություն նախատեսել, որպեսզի հետո՝ քաղաքացիության մասին օրենքում կարողանանք փոփոխություններ անել և ընթացակարգը նախատեսել», - նշել է Արփինե Սարգսյանը՝ վստահեցնելով, որ չեն ընդունի այնպիսի կարգավորումներ, որոնք կհակասեն միջազգային պրակտիկային ու Հայաստանի միջազգային պարտավորություններին:

ՆԳՆ նախարարն ընդգծել է, որ այս պահի դրությամբ էլ Հայաստանում կան անձինք, որոնք քաղաքացիություն չունեն կամ փախստական են. - «Եվ դա չի նշանակում, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում չեն կարող ապրել կամ օգտվել տարբեր ծառայություններից։ Տվյալ անձինք ունեն հատուկ անձնագրեր: Տեսեք, եթե, օրինակ, անձը չունի որևէ երկրի քաղաքացիություն, չի ստացել կամ զրկվել է այլ երկրի քաղաքացիությունից, մենք ունենք բաց կապույտ երանգի անձնագրեր, որոնք տրվում են հենց այդպիսի անձանց: Դրանք միջազգային ընդհանուր կոնվենցիոն փաստաթղթեր են, հաստատված են միջազգային պարտավորություններով, և որևէ խնդիր չկա այս տեսանկյունից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ըստ նախագծի՝ իշխող ուժն է որոշելու դատավորների հետագա ճակատագիրը, ընդգծում է սահմանադրագետը