ԱԺ հանձնաժողովում քննարկում են ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունները

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցումից առաջ։ Նիստին ներկա է նաև ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են ժամկետներին, երեխաների հետ տեսակցությունների կարգավորմանը։ Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ, նիստի ընթացքում հայտարարեց նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանը։

Քննարկման ընթացքում ընդդիմադիր Էդգար Ղազարյանը հարցրել է՝ արդյոք նախաձեռնությունը չի կորցրել արդիականությունը՝ հաշվի առնելով, որ նախագիծը կապվում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ սկսած արշավի հետ, մինչդեռ վերջինս այժմ զբաղվում է Երևանի խնդիրներով։

Նախագծի համահեղինակ, ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը կարճ պատասխանել է՝ «Ոչ»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն էլ Բաթոյանին խնդրել է գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

«Դուք իմ գործընկերն եք, ոչ թե լրագրող», - արձագանքել է Բաթոյանը՝ նշելով, որ ակնկալում է օրենսդրական նախագծին վերաբերող հարցեր։ Իսկ ճշտող հարցին՝ դատապարտո՞ւմ է տեղի ունեցածը, պատասխանել է, որ կոնկրետ դեպքին չի անդրադառնում, սակայն ընդհանրապես դեմ է բռնությանը։

Խորհրդարանն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով։ Նախագծով առաջարկվում է խստացնել ընտանեկան բռնության համար պատիժները, ոստիկանությանը բռնության դեպքերի մասին հաղորդելու հնարավորություն տալ նաև երրորդ անձանց, իսկ տուժողի՝ բողոքից հրաժարվելու դեպքում չդադարեցնել իրավական գործընթացը։

Նախատեսվում է նաև նախազգուշացման փոխարեն բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառում իրականացնել, իսկ ընտանիքում և կենցաղային հարաբերություններում մարդու դեմ ուղղված հանցագործությունների համար Քրեական օրենսգրքում առանձին կարգավորումներ ու ավելի խիստ պատիժներ սահմանել։

Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջին ընթերցման ժամանակ ձեռնպահ էին քվեարկել՝ պնդելով, որ գործող օրենքով էլ կարելի է պայքարել ընտանեկան բռնության դեմ, իսկ հիմնական խնդիրը դրա թերի կիրառումն է։