Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ու միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթը, որն ԱԺ օրակարգ մտավ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ չորս ամիս առաջ սկսած արշավից հետո:

Նախագիծը հեղինակել էին իշխող ՔՊ-ի երեք կին պատգամավորները՝ ընդունելով, որ այն Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ սկսած արշավի արձագանքն է:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին՝ հայտարարելով, որ փոփոխությունները հստակ չեն, կան վիճահարույց դրույթներ և իրենք երկրորդ ընթերցումից առաջ առաջարկություններ կներկայացնեն: Ընդդիմադիրները նաև պնդում էին, որ այսօր գործող օրենքով էլ է հնարավոր պայքարել ընտանեկան բռնության դեմ, խնդիրն օրենքը չէ, այլ՝ այն թերի կիրառողները:

Նախագծով խստացնում են ընտանեկան ու կենցաղային բռնության դեմ պայքարի միջոցները, բռնության դեպքերի մասին ոստիկանությանը կարող են հաղորդել ոչ միայն հենց տուժողները, այլև բոլորը, ովքեր տեղյակ են այդ մասին: Բռնարարները ոչ թե կնախազգուշացվեն, այլ նրանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառում կիրականացվի, եթե բռնության զոհը որոշի հրաժարվել բողոքից՝ միևնույն է իրավական ընթացքը կանգ չի առնի: Ու գլխավորը՝ ընտանեկան բռնությունը Քրեական օրենսգրքում կամրագրվի որպես առաջին հանցատեսակ:



​
XS
SM
MD
LG