Ինչո՞ւ իրեն տնից բռնի ուժով դուրս բերած և իր նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն գործադրած իրավապահները մնացել են անպատիժ, իսկ իրեն հապշտապ մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, դժգոհում է «Ազատությանը» բանտից զանգահարած կալանավոր Սերգեյ Աբրահամյանը:
Արմավիրի մարզի բնակիչը մի քանի գործերով է անցնում՝ գողության, Արմավիրի քննչականում իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանն էր մեկուկես տարի առաջ կադրեր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով՝ գետնին պառկեցրել տղամարդուն, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու դեմքը՝ ձեռնաշղթաներ հագցրել ու բերման ենթարկել: Այս տեսագրությունից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով վարույթ էին հարուցել, բայց այդպես էլ ոստիկաններին մեղադրանք չէին առաջադրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաստաբանը պնդում է՝ ոստիկաններն իր պաշտպանյալի նկատմամբ անհարկի են ուժ կիրառել. ՆԳՆ-ից արձագանքել են«Դատական ակտով հաստատվում է, որ նախաքննական մարմինը ոչ արդյունավետ քննություն է իրականացրել: Այստեղ ո՞վ է պատասխանատու, ո՞վ է թերացել, այս ամենը հարցեր են, որոնք պետք է քննության առարկա դարձնենք, բայց այդպես էլ չի դարձել», - ասաց փաստաբանը:
Իրավապահների այս վարքագիծն ու աշխատանքը վիճարկվել էր դատարանում և հօգուտ տուժող Սերգեյ Աբրահամյանի որոշում էր կայացվել. դատարանները Քննչականին պարտավորեցրել էին անաչառ քննություն անցկացնել: Եզրակացրել էին, գործի քննության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ բացթողումներ, ինչի պատճառով դեպքը չի քննվել ամբողջական, անաչառ և արդյունավետ կերպով, իսկ ոստիկանների կիրառած ֆիզիկական ուժը տեղին չէր:
Որոշումից ամիսներ անց, սակայն, որևէ առաջխաղացում չկա, դժգոհում են Սերգեյ Աբրահամյանն ու փաստաբանը: Ինչպե՞ս կարող է նույն քննիչը շարունակել քննել գործը, երբ ամիսներ առաջ հրաժարվել էր ոստիկանների դեմ վարույթ հարուցել՝ հարցնում է փաստաբանը: Քննչականից, սակայն, հակադարձում են՝ նման արգելք չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դատարանը արդյունավետ չի համարել Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ բռնության գործի քննությունը«Էն պաշտոնատար անձինք, ովքեր խախտել էին Սերգեյ Աբրահամյանի իրավունքներն ու դատական ակտով հաստատված ոչ արդյունավետ քննություն են իրականացրել, շարունակում են քննել այդ գործը», - ասաց Արա Ղարագյոզյանը:
Գործի վերաբացումից հետո իրենց ոչ կանչել են հարցաքննության, ոչ էլ ընթացքի մասին են տեղեկացրել, դժգոհում է փաստաբանը: «Ազատությանը» Քննչականից փոխանցեցին՝ քննություն են անցկացնում՝ այլ մանրամասներ չհայտնելով: Պարզ չէ նաև՝ արդյոք քրեական գործի շրջանակում կասեցվա՞ծ է քաղաքացու մատնանշած ոստիկանների գործունեությունը:
Խոշտանգման գործերով մասնագիտացած Արա Ղարագյոզյանը պնդում է՝ չնայած պարտավորությանը, հայաստանյան իրավապահներն արդյունավետ չեն աշխատում, հիմնականում պատասխանատվության չեն կանչում քաղաքացու վրա ձեռք բարձրացրած պաշտոնյաներին, իրավապահներին, իսկ սա էլ խորացնում է անպատժելիության մթնոլորտը:
Չբացահայտված գործերից են նաև 2024-ին դաշնակցական արդեն նախկին պատգամավորի ծեծը կարմիր բերետավորների կողմից, ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի խոշտանգումը, երբ նրան ձերբակալած ոստիկաններն ուղեկցում էին քննչական: Չնայած վարույթներին, տարիներ անց էլ մեղադրյալներ չկան:
Մինչդեռ իրավապահներն այլ կարծիքի են: Գլխավոր դատախազի՝ 2025-ի տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է խոշտանգումների մեղադրանքներով դատարան ուղարկված գործերի թիվը: Բայց ըստ այդ հաղորդման՝ 294 վարույթից գրեթե կեսը՝ 137-ը, կարճվել է, ինչո՞ւ, մանրամասներ չկան: ՆԳՆ տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին ոստիկանների դեմ 9 քրեական գործ է հարուցվել՝ այդ թվում խոշտանգումների համար։ Թե դրանցից որքանն է առնչվում հենց խոշտանգմանը, ՆԳՆ-ն չի մանրամասնում։