Մատչելիության հղումներ

Դատարանը արդյունավետ չի համարել Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ բռնության գործի քննությունը

Դատարանի դահլիճ, արխիվ
Դատարանի դահլիճ, արխիվ

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ ոստիկանների հնարավոր բռնության գործը պատշաճ չի քննվել։ Խոսքն անցած տարվա դեպքի մասին է, որի տեսանյութը հրապարակել էր փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Կադրերում երևում էր, թե ինչպես են ոստիկանները գետնին պառկած Աբրահամյանին ձեռնաշղթա հագցնելու ընթացքում բռունցքով սեղմում նրա պարանոցն ու այտը։ Աբրահամյանը պնդում էր, որ բռնությունը շարունակվել է նաև ոստիկանության բաժանմունքում։

Դատարանն ընդգծել է, որ ոստիկանների կիրառած ֆիզիկական ուժը տեղի է ունեցել տուժողի տանը՝ կնոջ ներկայությամբ, ինչը, դատարանի գնահատմամբ, կարող էր նվաստացնել նրա արժանապատվությունը։

Դատարանի գնահատմամբ՝ գործի քննության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ բացթողումներ, ինչի պատճառով դեպքը չի քննվել ամբողջական, անաչառ և արդյունավետ կերպով։ Ըստ դատարանի՝ նման դեպքերը պետք է քննվեն մանրակրկիտ և անկախ, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք պաշտոնատար անձինք թույլ տվել են իրավախախտում, և եթե այո, ապա պատասխանատվության ենթարկվեն։

Այս գործի նախաքննությունն 9 ամիս էր տևել: Տուժող կողմի բողոքից հետո, դատախազը որոշել էր ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել՝ եզրակացնելով, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա։

Փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է՝ առաջին ատյանի դատարանն արդյունավետ չի համարել այս գործով քննությունը, դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, բայց վերաքննիչը դատախազի բողոքը մերժել է: Ղարագյոզյանը չնայած դրական է համարում այս որոշումներն, այդուհանդերձ, պնդում է՝ խոշտանգումների գործերը Հայաստանում շարունակում են երկար քննվել և անհարկի ձգձգվել:

«Էական և կարևոր է, որ այս գործերով առաջին ատյանի դատարանին բողոքս բավարարել է, իսկ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը, սակայն այստեղ խնդրահարույց է այն հանգամանքը, որ կրկին մենք բախվելու ենք այն հանգամանքի հետ, որ եթե վճռաբեկ դատարան բողոքարկեն և նույնը մնա, պետք է գործը վերաբացվի։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ վերաբացումից հետո կրկին ոչ արդյունավետ քննություն է իրականացվում խոշտանգումների գործերով։ Ի վերջո եվրոպական կոնվենցիան, Եվրոպական դատարանը ասում են, որ պետք է իրականացվի արագ և արդյունավետ», - ասաց փաստաբանը։

Մինչ դատարանը պահանջում է վերանայել այս գործի քննությունը, Սերգեյ Աբրահամյանը շարունակում է մնալ կալանքի տակ, բայց արդեն մեկ այլ քրեական գործով և մեղադրյալի կարգավիճակով: Նա պնդում է՝ այս գործով իր դեմ ցուցմունք տված քննիչը նույն այն անձն է, որը նախորդ գործի շրջանակներում իրավապահներին բանավոր ցուցումներ է տվել, բայց այս քննիչը դատարանում հայտարարել է, որ այդ քրեական գործում ներգրավված չի եղել։

Աբրահամյանի խոսքով՝ եթե առաջին գործը պատշաճ քննվեր, քննիչի մասնակցության փաստը արձանագրված կլիներ. «Հատուկ կարևորագույն գործերով խոշտանգման այդ քննչականը քննություն առհասարակ չի տարել այդ քննիչի վերաբերյալ, դրա համար չի անցնում»։

Քրեակատարողական հիմնարկից «Ազատություն» զանգահարած Աբրահամյանը պնդում է՝ իրավապահներն այսպես փորձում են ստիպել իրեն հրաժարվել նախկին ցուցմունքներից, հակառակ դեպքում երկրորդ գործով երկար կմնա կալանքի տակ։

«Սրանով ինձ ճնշման են գործադրել, որ եթե ես այդ խոշտանգումների բողոքից հետ չեմ կանգնում, պետք է մնամ կալանավայրում, կոմպրոմիսի գնամ էլի հետ։ Հիմա այդ քննիչի ցուցմունքի հիման վրա, իբրև ես իրեն այդ տեսախցիկների տակ հարվածել եմ, նույն դատարանը ինձ պահում է կալանքի տակ». - ասաց նա:

Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Աբրահամյանի եղբայրը քրեական գործերից մեկի շրջանակներում հրավիրվել է նախաքննության։ Նրան ուղեկցելով Արմավիրի քննչական բաժնի շենք, Աբրահամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել։ Մեղադրանքի համաձայն՝ եղբորը հարցաքննող քննիչը, դուրս է եկել շենքից՝ պարզելու տեղի ունեցածը։ Աբրահամյանը շարունակել է հակաիրավական վարքագիծը՝ հայհոյանքներ ուղղելով նաև քննիչին և հարվածելով նրա թիկունքին։

Սերգեյ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածներով։ Բանտից «Ազատություն» զանգահարած Աբրահամյանն այս գործը շինծու է համարում։ Նա ընդունում է՝ հայհոյանքներ հնչեցրել է, սակայն հերքում է քննիչին հարվածելու մեղադրանքը։ Աբրահամյանը նաև պնդում է, որ չէր կարող ոստիկանի ձեռքը կծել, ինչպես ոստիկանն է պնդել, քանի որ իր խոսքով ավելի վաղ իրավապահների գործողության հետևանքով կորցրել է ատամները։

Ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվող Սերգեյ Աբրահամյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ նշելով, որ ունի երեք անչափահաս երեխա ու չի պատրաստվում թաքնվել քննությունից։ Նեղսրտում է՝ չունի այն ֆինանսական հնարավորությունը, որը թույլ կտար մեծ գումարի գրավ վճարել ու ազատվել կալանքից։ Մտավախություն ունի, որ գործի քննությունը կարող է դիտավորյալ ձգձգվել։ Ինքն էլ տարիներով կմնա բանտում կալանավորվածի կարգավիճակում։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG