Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցրած վիրավորանքները։
Նոյեմբերի 20-ին հրապարակված հայտարարությամբ ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) արձագանքին՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու փորձերը։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո վարչապետի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը Փաշինյանին հարցրել էր ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների և խորհրդարանում օգտագործած բառապաշարի մասին։
Ի պատասխան՝ վարչապետը լրագրողին բազմիցս անվանել էր «եղկելի»՝ մեղադրելով նրան և մի շարք քաղաքական շրջանակների «Եռաբլուրը» նեղ քաղաքական ու անձնական շահերի համար օգտագործելու մեջ։ Զրույցը հեռարձակվել է ուղիղ եթերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Եղկելի». Ինչպես այս բառը դարձավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմումի ու ՀՀ առաջին ու գործող ղեկավարի միջև հեռակա բանավեճի առիթԵվրոպական լրագրողների ֆեդերացիան վերահաստատել է Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ վարչապետին հորդորելով լրագրողների հետ շփվել հարգալից տոնով, զսպվածություն ցուցաբերել և հարգել նրանց մասնագիտական աշխատանքը, այդ թվում՝ երբ լրագրողները չեն կիսում իր տեսակետները։
«Լրագրողին վիրավորելը ոչ միայն մեկ անձի դեմ հարձակում է, այլև խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների դեմ ուղղված հարձակում», - հայտարարել է EFJ-ի նախագահ Մայա Սևերը՝ ընդգծելով, որ կառավարության ղեկավարն առանձնահատուկ պատասխանատվություն ունի լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու հարցում։
Նոյեմբերի 19-ին տարածած հայտարարությամբ Հայաստանի ժուռնալիստների միությունը վարչապետին մեղադրել էր լրագրողների նկատմամբ ահաբեկման, սպառնալիքների և վիրավորանքների արշավ վարելու մեջ։ Միությունը միջազգային լրագրողական կազմակերպություններին և խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին կոչ էր արել հրապարակայնորեն արձագանքել միջադեպին։