«Հակառակորդի հետ խոսելուց պետք չէ վախենալ». 34 տարի եղբորը սպասող բոսնիացի կնոջ ուղերձը

Անհայտ կորածների հարցերով միջազգային համաժողովը Երևանում, 19-ը նոյեմբերի, 2026թ.

Բոսնիական պատերազմի մասնակից եղբորից 34 տարի լուր չունեցող կինը Հայաստանում կիսվում է իր փորձով. չնայած թշնամանքին` հաջողվել է երկխոսություն սկսել հակամարտող կողմերի միջև՝ անհայտ կորածների որոնումներն առաջ տանելու և հարազատների ճակատագիրը պարզելու համար։

«Մեզ համար ավելի կարևոր էր գործընթացը, քան զգացմունքները: Մենք մի կողմ ենք դրել մեր զգացմունքները և նստել ենք մի սեղանի շուրջ թշնամի կողմի հետ», - ասաց Կալոպեր Միդհետան, ով մասնակցում է Երևանում այսօր մեկնարկած անհայտ կորածների հարցերով միջազգային համաժողովին, - «Որոշեցինք դա մի կողմ դնել, դուրս գալ քաղաքականությունից ու կենտրոնանալ ավելի մարդասիրական հարցերի շուրջ: Ինչպես գտնել մեր հարազատներին և ինչպես պարզաբանել իրենց ճակատագրերը: Դա ավելի մեծ արժեք էր մեզ համար, և այդքան էլ կարևոր չէր՝ ովքեր են սեղանի շուրջ, այլ կարևոր էր՝ ինչ ենք քննարկում»:

Կալոպեր Միդհետան Բոսնիա և Հերցեգովինայի Անհայտ կորած անձանց ինստիտուտի խորհրդի անդամ է: Ավելի քան երեք տասնամյակ եղբորը փնտրող կինն ու բախտակիցները հայերին ու ադրբեջանցիներին ևս խորհուրդ են տալիս համագործակցել, որ ստանան տարիներ շարունակ տանջող հարցի պատասխանը՝ ո՞ղջ է հարազատը, թե՞ ընկել է ռազմի դաշտում:

«Հայաստանի ընտանիքները պետք է դիմանան ու ստիպեն իշխանություններին գործել, չպետք է վախենան շփվել մյուս կողմի հետ, քանի որ միայն այդ կերպ կարող են տեղեկություններ ստանալ: Ուժ եմ մաղթում իրենց սպասմանը», - ասաց բոսնիացի կինը:

«Նույն ցավն ունենք»

Էմզա Ֆազլիչը նույն այս պատերազմում կորցրել է հորեղբորը: Պատմեց, որ երեք տասնամյակ անց էլ դեռ տեղեկություններ են հավաքում շնորհիվ հակամարտող կողմերի ջանքերով ստեղծված այս կազմակերպության:

«Սկզբում ընտանիքները շատ զայրացած էին, զայրացած էին նաև իշխանությունների վրա, որ ոչինչ չեն ձեռնարկում, որ անհայտ կորած ոչ մի անձի ճակատագիրը չէր պարզվում: Միջազգային կառույցների շնորհիվ սկսեցին շփվել, հասկացան, որ իրենց խնդիրները նույնն են: Միավորվեցին, միասին սկսեցին ճնշումներ գործադրել իշխանությունների վրա՝ պատասխաններ ստանալու համար», - պատմեց Բոսնիա և Հերցեգովինայի Անհայտ կորած անձանց ինստիտուտի (INO BiH) խոսնակ Ֆազլիչը:

Ավելի քան 100 հազար կյանք խլած Բոսնիական պատերազմում անհայտ կորել է ավելի քան 32 հազար մարդ։ Հարազատների ստեղծած կազմակերպության շնորհիվ հստակեցվել է նրանց 80 տոկոսի ճակատագիրը. մեծ մասը հայտնաբերվել է մահացած։ Կազմակերպությունում միավորվել են սերբերը, խորվաթներն ու բոսնիացիները:

«Մեծ նվաճում ենք համարում, որ 80 տոկոսի ճակատագիրը պարզվել է: Կարևոր դաս ենք քաղել: Բոսնիայում երեք էթնիկ խմբերի ընտանիքները հասկացել են, որ նույն ցավն ունեն, ու կարողացել են համախմբվել սերբերը, խորվաթներն ու բոսնիացիները», - ընդգծեց Էմզա Ֆազլիչը:

«Փորձի փոխանակումն անհրաժեշտ է»

Լեոնիդաս Պանտելիդիսը Կիպրոսի դեսպանն է եղել Ստոկհոլմում, Աթենքում, Մոսկվայում, Ժնևում և Վաշինգտոնում, այժմ անհայտ կորածների հույն-կիպրական համայնքի ներկայացուցիչն է:

«Յուրաքանչյուր դեպք տարբեր է, իհարկե։ Կարծում եմ՝ հենց դրա համար էլ մեզ հրավիրել են այստեղ, որովհետև գուցե կան որոշակի դասեր մեր աշխատանքից, որոնք էլ կարող են կիրառվել այստեղ։ Յուրաքանչյուր իրավիճակ յուրահատուկ է, բայց կարծում եմ՝ փորձի փոխանակում անհրաժեշտ է», - ասաց Պանտելիդիսը:

«Դեպքերի գերակշիռ մասը դեռ պարզաբանված չէ»

Հայկական կողմի տվյալներով՝ 1990-ականներից մինչ օրս անհայտ կորած է մնում ավելի քան 1000 մարդ, մեծ մասը՝ առաջին Ղարաբաղյան պատերազմից, մոտ 200-ը վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո: Ադրբեջանը 4 հազար հոգու հարց է բարձրացնում, որոնք, Բաքվի պնդմամբ, կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում: Այսօրվա համաժողովը կազմակերպել են Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը, որն աջակցում է անհայտ կորածների ընտանիքներին, և մի շարք պետական կառույցներ:

«Հակամարտության հանգուցալուծումից հետո մենք հիմա այն փուլում ենք, որ կարող ենք սկսել նրանց ճակատագիրը պարզելու գործընթացը: Դեպքերի գերակշիռ մասը դեռ պարզաբանված չէ», - ասաց ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն:

Երևանը Բաքվին առաջարկներ կներկայացնի անհայտ կորածների հարցով

Համաժողովին մասնակցող Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Բաքուն անհայտ կորած անձանց հարցերով աշխատանքային նախագիծ է ներկայացրել, Երևանն էլ առաջիկայում կներկայացնի իր նախաձեռնություններն ու պատկերացումները։

«Խնդիրը որն է՝ որ առաջին պատերազմից, 90-ականների պատերազմից բավականին մեծ, այսպես ասած, ծավալով տվյալներ դժվար է, հիմա մենք դժվարանում ենք էդ տվյալները գտնենք, հասանելիություն ապահովենք», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Կա՞ն զանգվածային գերեզմաններ՝ պարզ չէ

Բաքուն, իր հերթին, այսօր հայտարարեց՝ ակնկալում են, որ Երևանը հրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկությունները: Կա՞ն նման գերեզմաններ, պաշտոնական Երևանը չի մանրամասնում:

Իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ նման զանգվածային գերեզմանների առկայությունը չի բացառվում երկու կողմում էլ, և Երևանն ու Բաքուն պետք է պահանջեն միմյանցից պարզել անհայտ կորածների ճակատագիրը:

«Բնականաբար, և՛ Ադրբեջանում կան անհայտ կորածներ՝ հատկապես առաջին պատերազմից, մեծ թվով, որոնք, չի բացառվում, որ թաղված լինեն նաև նախկինում հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքներում: Բայց այստեղ շատ կարևոր է նախ ասել, որ ամեն մի թաղման վայր չի նշանակում, որ այդ անձինք դիտավորությամբ սպանվել են որպես ռազմագերի կամ քաղաքացիական անձ, այսինքն՝ շատ հավանական է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո դիերը հավաքագրվել են և թաղվել են: Դա էլ է պարտավորություն, այսինքն՝ չթողնել ռազմի դաշտում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Չնայած պաշտոնյաների հավաստիացումներին, անհայտ կորածների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ իշխանություններից պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել իրենց հարազատների ճակատագիրը պարզելու ուղղությամբ: Համաժողովին ներկա հայաստանցի անհայտ կորածների հարազատներն այսօր չցանկացան խոսել լրագրողների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն Երևանին անհայտ կորածների հարցով աշխատանքային նախագիծ է ներկայացրել, Երևանն էլ իր առաջարկները կանի Հաջիևը Հայաստանից պահանջում է տեղեկություններ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին