Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկությունների հրապարակում։
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևն է այսօր այս մասին հայտնել X սոցիալական ցանցի իր էջում՝ ներկայացնելով լուսանկարիչ Ռեզա ԴեգաթիԱդրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին գիրքը։
«Ռեզա Դեգաթիի լուսանկարների միջոցով համաշխարհային հանրությանը հասնում է հազարավոր ընտանիքների ցավը, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են իրենց հարազատների վերադարձին»,- ասել է նախագահի օգնականը՝ հավելելով՝ ներկայումս անհետ կորած է համարվում Ադրբեջանի 4 հազար 10 քաղաքացի։
2026-ի հոկտեմբերին Reuters-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկել է Իլհամ Ալիևի հետ անհետ կորածների հարցով համագործակցության ակտիվացումը և որ հարցը կարող է լուծվել համագործակցության միջոցով։ Reuters-ի փոխանցմամբ՝ Հայաստանը 2026-ի հունվարին Ադրբեջանին փոխանցել էր 50 անհետ կորած հայերի ԴՆԹ նմուշներ։
Հայկական կողմի տվյալներով՝ ղարաբաղյան երկու պատերազմներից հետո անհայտ կորած է մնում ավելի քան 1000 մարդ: Ադրբեջանը 4000 հազար հոգու հարց է բարձրացնում:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, ով մասնակցում է անհայտ կորած անձանց հարցերով միջազգային համաժողովին, հայտարարել էր, որ Բաքուն անհայտ կորած անձանց հարցերով աշխատանքային նախագիծ է ներկայացրել, Երևանն էլ առաջիկայում կներկայացնի իր նախաձեռնություններն ու պատկերացումները։
Հիքմեթ Հաջիևն այսօր նաև կարևորել է 2020-2023 թվականներին շփման նախկին գծի երկայնքով տեղադրված ականների քարտեզների տրամադրումը։ Նրա խոսքով՝ ավելի քան 440 կիլոմետր երկարությամբ և ավելի քան 2 կիլոմետր խորությամբ տարածքում տեղադրված ականները շարունակում են դառնալ խաղաղ բնակիչների զոհվելու և վիրավորվելու պատճառ։
Տեղեկությունների փոխանակումը, նրա խոսքով, կարևոր քայլ կլինի վստահության ամրապնդման, անցումային արդարադատության ապահովման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Ընտանիքներն արժանի են իմանալու իրենց հարազատների ճակատագիրը»,- նշել է նա։