«Դուք գողացել եք հազարավոր զինվորների կյանքեր, դուք գողացել եք հազարավոր զորամասեր», - Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին մեղադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը:
Ընդդիմադիր պատգամավորի այս խոսքերից վարչապետը բորբոքվեց և ընդդիմադիրներին մեղադրեց իրենց զավակներին փողով բանակից ազատելու համար։
«Հազարավոր զինվորների կյանքերը դո՛ւք եք գողացել, որ Ղարաբաղի և համազգային շարժումների ու համազգային բարերարության անվան տակ ձեր երեխեքին փողով փախցրել եք ու ուրիշների երեխեքին ուղարկել եք զոհվելու։ Ես իմ ու ուրիշների երեխեքի միջև ոչ մի տարբերություն չեմ դրել ու հավատացել եմ գաղափարին, բայց նաև որպես պետության ղեկավար առերեսվել եմ ու պետք է տեսնենք՝ որտեղ է մեր պրոբլեմը։ Թափանցիկ, եկել կանգնել ասել եմ՝ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի շարժումից»,- հայտարարեց Փաշինյանը:
Ապա հավելեց, թե ըդդիմությունը ենթարկվում է այն քաղաքական գծին, որը ինքն է որոշում և նորից սպառնաց նրանց. - «Փողի բերումով ստեղ հայտնված մարդիկ եք։ Հեսա ձեռներիցդ փողը կառնենք, ոնց քաղաքական բոմժ եղել եք, տենց էլ կդառնաք քաղաքական բոմժ»։
Հարցուպատասխանն Ազգային ժողովում ավելի թեժացավ, երբ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց Փաշինյանի՝ իրար հակասող տարբեր տարիների հայտարարությունները Հայաստանի Անկախության հռչակագրի, Սահմանադրությունը փոխելու և այլ հարցերի շուրջ:
«Ութ տարվա մեջ այս ամբիոնից հարյուր հատ բան եք ասել, ամեն անգամ հետ եք եկել, անմեղսունակի նման կանգնել, ասել եք՝ սխալվել եմ։ Դաշնակցական եմ եղել, համարել եմ Արցախը Հայաստան, ամեն տարի մի բան եք ասել։ Անկախության հռչակագրի համար էլ եք ամեն տարի մի բան ասել։ Սահմանադրությունը փոխելու հետ մեկտեղ հիշեք՝ ինչ դիֆերամբներ եք գրել Անկախության հռչակագրի մասին, մինչև եկավ հասավ պահը, որ Ադրբեջանն ասեց՝ մինչև չհանեք Անկախության հռչակագիրը, այդ թուղթը, որ մուրում եք մեզնից, չենք ստորագրելու։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ Ադրբեջանի ասածն անելու համար ո՞նց կարելի է ուրանալ ամեն ինչ, 30 տարին, հարյուր տարին»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց Գեղամ Մանուկյանը։