Իտալիան նոր օրենք է ընդունել հակասեմիտիզմի դեմ պայքարն ուժեղացնելու համար

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը 147 կողմ, 93 դեմ և 5 ձեռնպահ ձայներով ընդունել է հակասեմիտիզմի դեմ պայքարն ուժեղացնելու մասին օրենքը։ Սենատը օրինագիծն ավելի վաղ՝ մարտին էր հավանության արժանացրել։

Օրենքն ընդունում է Հոլոքոստի հիշատակի միջազգային դաշինքի (IHRA) մշակած հակասեմիտիզմի սահմանումը, որը ներառում է նաև Իսրայելի նկատմամբ թշնամանքի որոշ դրսևորումներ։

Այս դրույթը քննադատել է ընդդիմությունը։ Քննադատները մտավախություն ունեն, որ Իսրայելի կառավարության և նրա քաղաքականության, այդ թվում՝ Գազայի պատերազմի վերաբերյալ քննադատությունը կարող է որակվել որպես հակասեմիտիզմ և սահմանափակել խոսքի ազատությունը։

Վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարությունը օրենքի ընդունումը համարում է հակասեմիտիզմի դեմ պայքարի ամրապնդման քայլ։

Իտալիայի CDEC մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում երկրում արձանագրվել է հակասեմական 401 միջադեպ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս։ Այդուհանդերձ, ցուցանիշը մոտ երեք անգամ գերազանցում է 2019-2022 թվականների միջին մակարդակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայի ու Իսրայելի առաջնորդները կրկին ցեղասպանության մեղադրանքներ են փոխանակել