«Բնական նյարդ կա թեմայի վերաբերյալ, բոլորը ունեն այդ բնական նյարդը, ես էլ ունեմ այդ բնական նյարդը», - այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին։
«Երևանում տեղից տեղ գնալը ինֆարկտի բուն է». օրերս մեքենայից ուղիղ եթերով ենթադրաբար քաղաքապետին էր դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Այսօր, ամենայն հավանականությամբ, Ավինյանի պատասխանը հենց Հակոբյանին էր ուղղված։
Ամեն անգամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք. Աննա Հակոբյանի կոչը կին վարորդներին
Ու մինչ Ավինյանն այսօր էլ կոնկրետ լուծումներ չառաջարկեց, փոխարենը՝ վարչապետի կինը սեփական առաջարկներով կիսվեց՝ խցանումներում հայտնված կին վարորդներին հորդորելով դիմել հնարամիտ միջոցների։
«Սիրելի կին վարորդներ, հիշում եք, չէ՞, այլևս չենք հանդուրժում։ Սա միայն պատերի ներսում կատարվողին չի վերաբերում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատացնել այս իրավիճակը լուծելու համար։ Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»,- հերթական տեսաուղերձով կին վարորդներին էր դիմում Աննա Հակոբյանը՝ հորդորելով «համարձակ տղամարդկանց» էլ միանալ։
«Շենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում այդ խցանումները»,- այսօր էլ ավագանում նիստում շարունակեց պնդել Երևանի քաղաքապետը ՝ հիշեցնելով, որ Հայաստանում տնտեսական աճի և ֆինանսական ներհոսքերի արդյունքում մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն և նոր մեքենաներ են ձեռք բերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ավինյանն արձագանքում է քննադատներին. «Խցանումների պատճառը մեքենաների թվի աճն է, ոչ թե նոր շինթույլտվությունները»«Սահմանափակումներ պետք է լինեն»,- վստահ է Ավինյանը՝ հստակեցնելով՝ ինչպիսի սահամանափակումների մասին է խոսքը։
«Դրանք կարող են վերաբերել ոչ թե մարզերից Երևան մուտք գործող մեքենաներին, այլ մեքենաների տեսակին՝ կախված արտանետումներից և առողջությանը հասցվող վնասից»,- շարունակեց Ավինյանը՝ թվարկելով խցանումների մնացած պատճառները՝ «վարելու ցածր մշակույթ ունենք և հանրային տրանսպորտին բավարար առաջնահերթություն չենք տալիս»։
Ավինյանն առաջարկում է տեսախցիկներով ավելի հետևողական արձանագրել խաչմերուկների փակումը, հանրային քննարկման դնել նաև դպրոցների հասանելիության հարցը։
Այդուհանդերձ Ավինյանն այսօր էլ չհստակեցվեց՝ ինչ մեխանիզմներով, որ տարածքներում և երբ կարող են կիրառվել ավտոմեքենաների երթևեկության սահմանափակումները։
«Խցանումների խնդրի լուծումները պետք է քննարկվեն հանրության հետ»,- Երևանի քաղաքապետի պնդումն էր։
Ու քանի դեռ այդ քննարկումը հասարակության հետ չի կայացել, իսկ մայրաքաղաքում երթևեկությունը շարունակում է կաթվածահար մնալ, մարդիկ փորձում են խցանումների դեմ պայքարել սեփական միջոցներով: