Ազգային անվտանգության ծառայությունը 3 ամիս գաղտնալսել է ընդդիմադիրներին կալանավորելու գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին:
Ի՞նչ է արել դատավորը, որ հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում:
Մասիս Մելքոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատությանը» այսօր փոխանցեց, որ ԱԱԾ -ն կաշառք վերցնելու կասկածանքով է գաղտնալսել դատավորին, սակայն, ըստ փաստաբանի, այդպես էլ որևէ փաստական հանգամանք չեն հայտնաբերել: Թե ինչ գործով է հնարավոր ընտրակաշառքի կասկած եղել, փաստաբանը պնդեց, թե «անորոշ է»:
«Կոնկրետ իրենք մտել են կաշառքի պատրվակով, սակայն իրենք էլ վերջում Գլխավոր դատախազին ներկայացրել են, որ կաշառքի փաստը չի ապացուցվել: Այսինքն՝ այն ծավալով, ինչով իրենք ներկայացրել են, որ իրենք ունեն տեղեկություն և ակնկալել են գաղտնալսում, և որը թույլատրվել է դատարանի կողմից, դա իրենք հստակ ներկայացրել են, որ չի ապացուցվել օպերատիվ միջոցառումների արդյունքում։ Այլ կերպ ասած դա իրականությանը չի էլ համապատասխանել, այսպես ասած պատրվակ է եղել»,- նշեց փաստաբանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ին պատրվակ անհրաժեշտ եղել գաղտնալսելու դատավորին, փաստաբանը պատասխանեց, թե հարցը պետք է ԱԱԾ-ին ուղղել:
Թեև ըստ փաստաբանի կաշառք վերցնելու փաստը չի հաստատվել, սակայն ԱԱԾ-ն հենց այդ գաղտնալսումների ընթացքում ենթադրաբար պարզել է, որ մեկ այլ դատավոր Գևորգ Պողոսյանը խնդրանքով դիմել է Մասիս Մելքոնյանին՝ վերջինիս վարությում քննվող մի գործով փոխել մեղադրյալի խափանման միջոց բացակայելու արգելքը և նրան թույլ տալ բացակայել երկրից:
Փաստաբան Գեորգի Մելիքյանը հաստատեց՝ քրեական գործը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին։
«Ամբողջ գործը հիմնված է ապօրինի գաղտնալսումների վրա, որոնք պետք է ճանաչվեն անթույլատրելի»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Մասիս Մելքոնյանին որոշել են «պատժել» այն բանի համար, որ նա պարբերաբար կալանքից ազատել է «Չաղ Ռուստամ » մականունով քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին, ապա փաստաբանն ասաց, թե դատավորի դեմ հարուցված քրեական գործը դրա հետ կապ չունի:
Գո՞ւցե ԱԱԾ-ն գաղտնալսումները սկսել է այն բանից հետո, երբ դատավոր Մելքոնյանը ի հեճուկս Գլխավոր Դատախազության, պարբերաբար բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումները և կալանքից ազատել քրեական հեղինակություն համարվող անձին: Փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, թե ինքը նման տվյալ չունի:
Քաղաքական գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելու համար, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Գործը քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Մելքոնյանի նկատմամբ դատարանը կայացրել է բացակայելու արգելքի որոշում:
Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ կասեցվել են Մասիս Մելքոնյանի լիազորությունները, մինչև քրեական վարույթի ավարտը: Փաստաբանը մեղադրանքն ապօրինի է որակում և պնդում է, որ Մելքոնյանն արդարացվելու է:
Դատավոր Գևորգ Պողոսյանը ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, նրա նկատմամբ ևս կայացվել է բացակայելու արգելքի որոշում:
ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է դատավոր Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով
Դատավոր Մասիս Մելքոնյան