Ժերար Դեպարդյեն ընդունել է մեղքը, հրաժարվել սեռական ոտնձգությունների գործով դատավճիռը բողոքարկելուց

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյե

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հրաժարվել է 2025 թվականին սեռական ոտնձգությունների համար կայացված դատավճիռը բողոքարկելուց։ Ընդունել է իր մեղքը և ներողություն խնդրել տուժածներից։

Հայտարարության մեջ Դեպարդյեն նշել է, որ նկարահանումների հրապարակում հաճախ է օգտագործել «գռեհիկ, սեռական ենթատեքստով հումոր» և այժմ գիտակցում է, որ «կատակելու և վիրավորելու միջև սահման կա»։

Ֆրանսիական կինոյի նշանավոր դեմքերից մեկը համարվող Դեպարդյեն, որը հինգ տասնամյակի ընթացքում նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմում, այդ թվում՝ «Կանաչ քարտ», «Վերջին մետրո» և «Սիրանո դը Բերժըրակ», 2025 թվականի մայիսին մեղավոր էր ճանաչվել ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։

Դատարանը նրան դատապարտել էր 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Դատավորը նշել էր, որ դերասանը, ըստ երևույթին, չի գիտակցել իր վարքագծի «տրավմատիկ» ազդեցությունը։

Դեպարդյեին դեռևս սպառնում է 2018 թվականին դերասանուհի Շառլոտ Առնուլի նկատմամբ ենթադրյալ բռնաբարության գործով դատավարությունը։ Նա հերքում է այդ մեղադրանքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժերար Դեպարդյե. «Ինձ ապուշի տեղ են դնում»