«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ մինչև այս տարվա ավարտը։
Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող Ֆարհադ Մամեդովը՝ չհստակեցնելով հանդիպման օրն ու օրակարգը։
Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր հենց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին։
Այդ օրերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, օտարերկրյա դիվանագետներին ուղեկցելով Լեռնային Ղարաբաղ, Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես աղվանական եկեղեցիներ։ Նրա հայտարարությունները քննադատել էին նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի անդամները՝ զգուշացնելով, որ նման քայլերը խորացնում են փոխադարձ անվստահությունը և վնասում խաղաղության գործընթացին։
Դրանից հետո ադրբեջանական կողմը որոշել էր հետաձգել Երևան այցը։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ ադրբեջանցի գործընկերները նպատակահարմար չեն համարում հանդիպումը՝ «մինչև լարվածությունը թուլանա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներՀայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերը սկսվել են անցյալ տարի՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկում են խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը և հանրային երկխոսության հարցերը։