«Նա մտել է բերդ առողջ, և մի քանի շաբաթից մեզ հանձնել են մարդուն՝ անշնչացած». Կարապետյան

Armenia-"Strong Armenia's" candidate Arsen Gevorgian, 09Oct2026

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը սոցիալական ցանցում տեսանյութ է տարածել, որտեղ իշխանություններին է պատասխանատու համարել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան համար:

«Նա մտել է բանտ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդուն՝ անշնչացած», - հայտարարել է Կարապետյանը։

Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նոյեմբերի 10-ին նա մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նրա թիմակիցները պնդել են, որ Գևորգյանը բանտում ժամանակին բուժօգնություն չի ստացել, այդ պատճառով էլ մահացել է ինֆարկտից: Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում հակադարձում է, թե բանտում ամեն ինչ արել են ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանին փրկելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արսենը խցակիցներին ասել է, որ կրծքի հատվածում այրոցներ ունի, բուժակը ներարկում է արել». դիտորդական խմբի ղեկավար

Նարեկ Կարապետյանը իր այսօրվա տեսանյութում նաև պնդում է, որ Գևորգյանի ձերբակալությունից հետո իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները փորձել են վարկաբեկել նրան։

Գևորգյանի փաստաբան Ռոբերտ Խաչատրյանն ավելի վաղ ասել էր, որ հանրային վտանգավորություն չներկայացնող արարք էր մեղսագրվել իր պաշտպանյալին և կալանքի որոշումը համաչափ չէր:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ կալանքի որոշումներն ինքը չի կայացնում, իր պարտականությունը բանտային պայմաններին հետևելն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման դեպքեր լինում են ամենուր. արդարադատության նախարարը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Կարապետյանը նաև կոչ է արել բարեփոխել Հայաստանի քրեակատարողական համակարգը՝ ընդգծելով՝ անհրաժեշտ է ոչ միայն բարելավել ազատազրկվածների պահման պայմաններն ու բժշկական սպասարկումը, այլև դադարեցնել մարդկանց հրապարակային վարկաբեկումը՝ նախքան դատարանի կողմից նրանց մեղավորության վերաբերյալ որոշում կայացնելը։

Հասարակական դիտորդական խմբի ղեկավարի խոսքով՝ բանտում մահացած «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը պահվել է անբարեկարգ, խոնավ, փայտոջիլներով խցում: Այնտեղ բնակվում է մոտ ութ հոգի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փայտոջիլներով, ծանր օդով խուց էր». դիտորդը՝ մահացած ընդդիմադիրի բանտախցի մասին