ԱՄՆ-ն առաջին անգամ հարցրել է՝ արդյոք Ուկրաինան կհեռանա Դոնբասից՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

ԱՄՆ-ն առաջին անգամ առաջարկել է քննարկել Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց։ ՖրասՊրեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ, որի մանրամասները հրապարակվել են այսօր։

«Ամերիկացիները հարց բարձրացրին՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Արդյոք Ուկրաինան այդ դեպքում դուրս կգա՞ Դոնբասից։ Սա առաջին անգամ էր, որ նման հարց էր բարձրացվում»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Կիևը քննարկում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության կողմից անվտանգության կոնկրետ երաշխիքներ ստանալու հարցը։ Եթե արևմտյան երկրները հաստատեն այդ երաշխիքները, ինքը մտադիր է հարցը ներկայացնել ուկրաինական հասարակության քննարկմանը։

«Ես իրավունք չունեմ այդ որոշումն ինքնուրույն կայացնելու», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության «միակ իրական երաշխիքն» են։ Նրա խոսքով՝ Մոսկվայի ձգտումը՝ վերանայել եվրոպական անվտանգության համակարգը, վտանգավոր է, քանի որ նման քայլերը կարող են հանգեցնել նոր պատերազմների կամ ռազմական լարվածության սրման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայում եվրոպական զորքերը լեգիտիմ թիրախ կլինեն ՌԴ-ի համար. Պուտինը՝ ամերիկացի բանագնացներին

Ռուսաստանը մերժել է էներգետիկ հրադադարի առաջարկը. Զելենսկի

Զելենսկին նաև հայտնել է, որ Աբու Դաբիում այս շաբաթ անցկացված բանակցությունների ընթացքում Ռուսաստանը մերժել է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները դադարեցնելու առաջարկը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Կոստյանտինիվկայում «հումանիտար առաքելություն» իրականացնել՝ նպատակ ունենալով հասնել ուկրաինական զորքերի դուրսբերմանը քաղաքից և դրանով ճանապարհ հարթել Դոնեցկի շրջանի մյուս բնակավայրերի գրավման համար։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը խաղադրույք է կատարում այս ձմռանը ռազմական գործողությունների ակտիվացման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինային ռուսական հարվածներից սպանվել է 5 մարդ, 160 բնակավայր զրկվել է էլեկտրաէներգիայիցՈւկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին. Թրամփ