Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեկամական մթնոլորտը։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում», – ասել է Փաշինյանը։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը խորացել է Երևանի եվրոպական ձգտումների և ՀԱՊԿ-ի շուրջ տարաձայնությունների ֆոնին:
Երևանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Նոյեմբերի 11-ին էլ ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, բայց դաշինքից չի հեռացվել20 տարի անց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում. Փաշինյան
Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հարցերին պատասխանելիս Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի եվրոպական հեռանկարին։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության անդամ։ Հայաստանի հիմնական քաղաքական նպատակը, ըստ վարչապետի, եղել և մնում է ՀՀ քաղաքացիների համար այլընտրանք ստեղծելը։
«Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ», – ասել է Փաշինյանը։
Հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, վարչապետը պատասխանել է.
«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»։
Հայաստանի եվրոպական ձգտումները վերջին ամիսներին դարձել են Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունների պատճառ։
Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս երեք անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։
Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ այս պահին նման հանրաքվեի համար հիմքեր չկան։ Նրա խոսքով՝ այն կարող է անցկացվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար։ Վարչապետը նման ընտրությունն այս փուլում տեսական է համարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երբ է Երևանը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու. Փաշինյանը մի քանի ժամկետ է նշումՎարչապետ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:
Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։