Wizz Air-ի ղեկավարը կոչ է արել Եվրոպային համակարգված պայքարել ռումբի տեղադրման կեղծ ահազանգերի դեմ։
«Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության հարցերում առավել համակարգված մոտեցում և կառույց, որը կղեկավարի «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարը՝ ռումբի տեղադրման վերջին կեղծ ահազանգերից հետո»,- հայտարարել է հունգարական Wizz Air ավիաընկերության գործադիր տնօրենը։
Նոյեմբերին ռումբի տեղադրման մասին ահազանգերը խաթարել են տրանսպորտի աշխատանքը, լրատվամիջոցների և դպրոցների գործունեությունը Եվրոպայի տարբեր երկրներում։
Վերջին ահազանգի պատճառով այսօր առավոտյան ժամանակավորապես խափանվել է գնացքների երթևեկությունը Ֆրանսիայի հյուսիսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում առնվազն 300 դպրոց է տարհանվելԱնցած շաբաթ Wizz Air-ի՝ Եվրոպայի տարբեր ուղղություններով իրականացվող 14 չվերթներ ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր են ստացել։ Դրանց հետևանքով ավիաընկերությունը ստիպված է եղել փոխել երկու օդանավի երթուղին։ Սպառնալիքները էլեկտրոնային նամակներով ուղարկվել են օդանավակայաններին և ավիաընկերություններին։
Reuters-ին տված առանձին հարցազրույցում Յոժեֆ Վարադին այդ սպառնալիքները կապել է ամբողջ Եվրոպայի վրա ազդող, իր բնորոշմամբ, հիբրիդային պատերազմի հետ։
Reuters-ը չի կարողացել պարզել նամակներն ուղարկողի ինքնությունը, դրանց ծագումը կամ արդյոք դրանք նույն աղբյուրից են ուղարկվել, ինչ նոյեմբերին տասնյակ չվերթների դեմ ուղղված սպառնալիքները։
Կեղծ ահազանգերն ավելի են խորացրել եվրոպացի պաշտոնյաների մտահոգությունները, որ դրանք «հիբրիդային» խափանումների արշավի մաս են։ Շատերը դրա կազմակերպման համար մեղադրում են Ռուսաստանին՝ Ուկրաինային աջակցող երկրների դեմ ուղղված գործողությունների շրջանակում։ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը։