Լոնդոնից մեկնած ուղևորատար ինքնաթիռը ռումբի առկայության մասին ահազանգից հետո հարկադիր վայրէջք է կատարել Լեհաստանի Վարշավա-Մոդլին օդանավակայանում, ինչի հետևանքով օդանավակայանը փակվել է։ Միևնույն ժամանակ, Կոպենհագենից ժամանած մեկ այլ ինքնաթիռ է ստուգվել Վարշավա-Շոպեն օդանավակայանում։
«Ժամը 9:54-ին Լոնդոնի Հիթրոու (LHR) օդանավակայանից Վարշավայի Շոպենի (WAW) օդանավակայան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել։ Ժամը 10:01-ին Boeing 737 MAX ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարշավայի Մոդլին օդանավակայանում»,- ասվում է Անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Մոդլին օդանավակայանի փոխանցմամբ՝ ինքնաթիռում գտնվող 181 ուղևորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են։ Լեհական LOT ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ խոսքը LOT-ի չվերթի մասին է։
Ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել նաև Կոպենհագենից Վարշավա մեկնող SAS ավիաընկերության չվերթի վերաբերյալ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոպեն օդանավակայանում և ստուգվել։
Վարշավան ունի երկու օդանավակայան։ Շոպենը գտնվում է քաղաքի սահմաններում, իսկ հիմնականում բյուջետային ավիաընկերությունների կողմից օգտագործվող Մոդլինը մայրաքաղաքից մոտ 36 կմ հեռավորության վրա է։
Ի դեպ, երեկ էլ Լոնդոնից Սոֆիա ուղևորվող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռն էր ռումբի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք կատարել Բուդապեշտի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին՝ Ֆեյսբուքի իր էջում։
Ուղևորատար ինքնաթիռին ուղեկցելու համար օդ էր բարձրացվել հունգարական Gripen կործանիչը։