«Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» հայտարարության տեքստ է այսօր ներկայացրել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Որպես ժողովրդավարության հետընթացի դրսևորումներ Գալստյանն առանձնացրեց կալանքի՝ որպես խափանման միջոցի լայն կիրառումը, քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թվի կրկնապատկումը, ինքնասպանությունները, զանգվածային գաղտնալսումները և քաղաքական հետապնդումները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան
Մի շարք ընդդիմադիրների անուններ թվարկելով՝ Գալստյանն ընդգծեց.
«Ընդդիմադիր ուժերի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելն ինքնին վկայում է քաղաքական հետապնդումների մասին»։
Իր ելույթում Գալստյանը հղում արեց նաև միջազգային զեկույցներին և փաստաթղթերին, որոնք անդրադառնում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի անկախությանը, պետական վերահսկողությանն ու ազատությունների սահմանափակմանը։
Մասնավորապես, Human Rights Watch-ի 2026 թվականի համաշխարհային զեկույցում մտահոգություններ են ներկայացված նախնական կալանքի չափազանց լայն կիրառման, դատական անկախության և պետական վերահսկողության ընդլայնման վերաբերյալ։ Զեկույցն անդրադառնում է նաև քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերին։
Amnesty International-ի՝ Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի զեկույցում հիշատակվում են լրագրողների և իրավապաշտպանների դեմ դատական հայցերը, նախնական կալանքի խնդիրներն ու կալանավայրերի պայմանները։
«Ժողովրդավարության նահանջի փոխարեն՝ ծովից ծով Հայաստանից խոսեք». ՔՊ պատգամավոր
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, չհամաձայնելով նախագծում ներկայացված մի շարք գնահատականների հետ, հարց բարձրացրեց՝ արդյոք իշխող ուժից ակնկալվում է աջակցել մի հայտարարության քննարկմանը, որտեղ խոսվում է «քաղաքական բանտարկյալների և քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց մասին»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյան
«Մի միջազգային զեկույց ասեք, որտեղ քաղբանտարկյալի անուն կա»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ հարցրեց Լիլիթ Մինասյանը։
Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց Արմեն Աշոտյանի անունը։
«EPP-ն 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունած բանաձևում հիշատակել է Աշոտյանի կալանավորումը՝ մտահոգություն հայտնելով նրա գործի առնչությամբ»,- ասաց Գալստյանը։
Քաղաքական հետապնդումների վերաբերյալ քննարկման համատեքստում հիշատակեց նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և օրերս բանտում մահացած Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործերը։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021-ին՝ Վանաձորի ընտրություններում իր դաշինքի հաղթանակից տասը օր անց։ Ավելի քան երկուսուկես տարի անազատության մեջ մնալուց հետո՝ 2026-ի հոկտեմբերին, նա արդարացվել է։
«Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ, կալանավորվել էր ընտրակաշառքի մեղադրանքով։ Նոյեմբերի 10-ին նա մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը շարունակեց քննադատել Լիլիթ Գալստյանին՝ հորդորելով նրան «ժողովրդավարության նահանջի մասին խոսելու փոխարեն «ծովից ծով Հայաստանից խոսել»։
«Դուք այդ իրավունքը չունեք ինձ ասելու՝ ինչի մասին խոսեմ»,- հակադարձեց ընդդիմադիր Գալստյանը՝ պնդելով, որ «իր խոսքի թեման թելադրելու փորձն ինքնին հակաժողովրդավարական վերաբերմունքի դրսևորում է»։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հորդորեց ՔՊ-ական Արման Եղոյանին հիշել, որ «կրքոտ հռետորի դերն արդեն զբաղված է»՝ նկատի ունենալով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ինքն իրեն այդպես էր բնութագրել։
Երկարատև ու էմոցիոնալ քննարկումից հետո ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստին։
Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունը «Ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» լսումներ է հրավիրել ԱԺ-ում։