Թուրք-ադրբեջանական հարաբերություններում վերջին տարաձայնություններից հետո երկու երկրների նախագահները փոխադարձ այցեր են իրականացնում։ Էրդողանի՝ Բաքու այցից ընդամենը երկու օր անց Իլհամ Ալիևն այսօր ժամանել է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու COP31 կլիմայական համաժողովի առաջնորդների գագաթնաժողովին։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, այցը տեղի է ունենում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Դեռ հոկտեմբերի 30-ին Ալիևը չէր մասնակցել Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային խիտ գրաֆիկը։ Այդ շրջանում Բաքվի և Անկարայի միջև տարաձայնություններ էին ծագել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ։ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչները քննադատել էին այդ որոշումը, իսկ Բաքուն նրանց հայտարարությունները որակել էր միջամտություն երկրի ներքին գործերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հիջաբի դեմ պայքար, Իսրայելի հետ մտերմություն և «մեծ եղբայր» Թուրքիայի հետ լարվածություն՝ ԱդրբեջանումԼարվածությունն այնքան էր խորացել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայի ութ քաղաքացիների նկատմամբ, իսկ ևս 31-ի մուտքն Ադրբեջան արգելվել էր։ Բաքուն նրանց մեղադրում էր Ադրբեջանի իշխանությունների դեմ ուղղված հայտարարությունների, իշխանափոխության և կրոնական ատելության հրահրման կոչերի մեջ։
Սակայն նոյեմբերի 8-ին Էրդողանն անձամբ ժամանեց Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրում նշվող Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Շուշիում կայացած բանակցություններից հետո երկու նախագահները շեշտեցին, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են ամուր մնալ։
Ալիևը հայտարարեց, թե ոչ ոքի չի հաջողվի տարաձայնություններ մտցնել Բաքվի և Անկարայի միջև, իսկ Էրդողանը վստահեցրեց՝ երկու երկրների եղբայրությունը թուլացնելու փորձերը հաջողության չեն հասնի։
Այժմ՝ այդ հայտարարություններից երկու օր անց, Ալիևն է մեկնել Թուրքիա։